Բլոկչեյնի վրա հիմնված առևտուր՝ NASDAQ-ում

ԱՄՆ-ի առաջատար բորսաներից մեկը՝ NASDAQ-ը, քայլեր է ձեռնարկում դեպի բլոքչեյնի վրա հիմնված բաժնետոմսերի ցուցարկում և առևտուր: Բորսան, թույլտվություն ստանալու նպատակով, արդեն ներկայացրել է համապատասխան հարցում ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC):

Եթե SEC-ը հաստատի նախաձեռնությունը, NASDAQ-ի հաճախորդները կստանան հնարավորություն ընտրելու՝ օգտագործել ավանդական բաժնետոմսերի առևտրի ուղին կամ կատարել առևտուրը թոքենիզացված բաժնետոմսերի միջոցով: Նախատեսված է, որ այս նոր ձևը կհավասարվի շուկայում գործող ավանդական ուղիներին՝ ապահովելով արագություն, թափանցիկություն և անվտանգություն:

NASDAQ-ը նշում է, որ շուկաները կարող են կիրառել թվային արժույթները՝ պահպանելով ազգային շուկայի կանոնները և ներդրողների պաշտպանությունը: Թոքենիզացված ակտիվները նախատեսվում է շրջանառել կարգավորվող շուկաներում, այդ թվում՝ ազգային արժեթղթերի բորսաներում, այլընտրանքային առևտրային համակարգերում և FINRA-ի (Financial Industry Regulatory Authority, Ֆինանսական արդյունաբերության կարգավորող մարմին) կողմից կարգավորվող բրոքեր-դիլերների շրջանակներում:

Ավելի վաղ մի շարք կրիպտոբորսաներ, ինչպես Bybit, Kraken և Gemini, կատարել են նման քայլեր, սակայն NASDAQ-ի նախաձեռնությունը, որը ցուցակագրել է Apple, Amazon, Microsoft և այլ տեխնոլոգիական հսկաների բաժնետոմսերը, հատկապես նշանակալի է և կարող է ընդլայնել ավանդական ֆինանսների աշխարհում թոքենիզացված բաժնետոմսերի ընդունումը:

SEC-ի նախագահ Փոլ Էթքինսը նշել է, որ հանձնաժողովը ձևավորել է փորձագիտական խումբ՝ NASDAQ-ի նախաձեռնությունը ուսումնասիրելու համար: Այս քայլը կարող է բացել նոր ուղի թոկենիզացված արժեթղթերի շուկայում, ինչը թույլ կտա վերափոխել բաժնետոմսերի թողարկման, առևտրի, սեփականության և օգտագործման մեթոդները: