Անհարմարությո՞ւն, թե՞ ապահովություն․ վճարային տերմինալներով փոխանցում կատարողի նույնականացման պահանջը խստացվել է

Կենտրոնական բանկից արձագանքել են վճարային տերմինալներով փոխանցումներ կատարողների նույնականացումը խստացնելու շուրջ մտահոգություններին։ «Ռադիոլուրին» գլխավոր դրամատնից փոխանցել են՝ ֆինանսական կազմակերպությունները ծառայություններ պետք է մատուցեն գործող իրավակարգավորումների պահանջների ապահովմամբ, իսկ թե հաճախորդների նույնականացման ինչ եղանակ և տեխնիկածրագրային ինչ լուծումներ կկիրառեն, ինքնուրույն պետք է որոշեն։ Կենտրոնական բանկի գործառույթն է՝ հավաստիանալ, որ ֆինանսական կազմակերպությունների  ծառայությունները մատուցվում են ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ, իսկ պահանջներին չհամապատասխանող գործառնությունները պետք է դադարեցվեն։

Վճարային տերմինալներով մեկ անձից մյուսին կատարվող՝ մինչև 400 հազար դրամի փոխանցումները, մինչև ԿԲ վերջին խստացումները, կարող էին լինել անանուն, և   չէր նույնականացվում փոխանցողի անձը։ Վերջին կարգավորումներով՝ տերմինալներով փոխանցում կատարող անձանց նույնականացման վերահսկողությունն ավելի է խստացվում, քանի որ կտրուկ աճել են կանխիկի ընդունման տերմինալներով իրականացվող ծառայությունների միջոցով օրենքի շրջանցման  ռիսկերը։  ԿԲ-ից «Ռադիոլուր»-ին փոխանցում են՝ այս առումով ծագած խնդիրները մշտապես գտնվել են գլխավոր դրամատան մոնիթորինգի ներքո, այժմ կարիք կա խստացնել վերահսկողությունը։

 Այս դաշտը կարգավորող նորմերը հաստատվել են դեռ 2014թ․՝ «Փողերի լվացման եվ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին»  օրենքով։  Նոր կարգավորումը ենթադրում է, որ այժմ, անկախ նրանից՝ փոխանցվող գումարը որքան է՝ 500 դրամ, թե 400 հազար դրամ,  պետք է ներմուծվեն անձի նույնականացման տվյալներ:

Վճարահաշվարկային կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Մհեր Գալստյանը, սակայն, վերապահումներ ունի։ «Նույնականացման պահանջը վճարային տերմինալների վրա կիրառելը  հասարակության շատ լայն շերտերի շատ մեծ անհարմարություն է պատճառելու»,- մտահոգվում է զրուցակիցս։

«Սա բերելու է մարդկանց հոսքի դեպի բանկեր, իսկ բանկերը համապատասխան գործիքներ ու ռեսուրս չունեն, որ «մարսեն» կանխիկի մեծ ծավալը, այսինքն՝ շղթայական բացասական ռեակցիա է լինելու»։

Բացի այդ, ըստ Գալստյանի, ռիսկը մեծ է, որ վճարահաշվարկային կազմակերպությունները խնդիրների առաջ կանգնեն, նրանց մի մասը գուցե՝ փակվի ասում է։  «Վճարահաշվարկային կազմակերպությունների մեծ մասի եկամտի էական մասը ձևավորվում է վճարային տերմինալների շրջանառությունից, քանի որ դրանք ստանում են միջնորդավճար։

Կենտրոնական բանկից, սակայն, «Ռադիոլուրի» հարցմանն ի պատասխան, հակադարձում են․ «Նման ռիսկ չկա, քանի որ այդ պահանջները նույնությամբ կիրառելի են ինչպես բանկերի, այնպես էլ վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ, և ԿԲ կողմից վերահսկողական միջամտությունը ևս կիրառվում է համաչափ»։ 

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դրամական փոխանցումը գործարք է, որը ֆինանսական հաստատության միջոցով կատարվում է փոխանցումը կատարողի անունից։ Օրենքի պահանջն է, որ փոխանցում կամ հաշվի համալրում կատարողի տվյալները նույնականացվեն, այն է՝ լրացվեն նրա անձնական տվյալները, որպեսզի պարզ դառնա մի անձից մյուսի հաշվին փոխանցումների պատկերը։ Բայց Վճարահաշվարկային կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Մհեր Գալստյանն այլ   խնդիրներ էլ է տեսնում։

«Բերել, նույնականացում պահանջել այն դեպքում, երբ Հայաստանում դեռ չկա միասնական նույնականացման համակարգ․․․ Տարբեր գնահատականներով՝ լավագույն դեպքում այս պահին վճարային տերմինալներից օգտվողների 30 տոկոսը կկարողանա օգտվել, իսկ դա նշանակում է վճարումների ծավալի էական կրճատում»։

Գլխավոր դրամատնից արձագանքում են՝ ամեն  պետական մարմին ապահովում է իր կողմից թողարկվող փաստաթղթերի համապատասխանությունը նույնականացման ստանդարտներին, իսկ ֆինանսական կազմակերպությունները,  հաճախորդների նույնականացման եղանակների և տեխնիկա-ծրագրային լուծումների ընտրությունն իրականացնում են ինքնուրույն:

Վճարահաշվարկային կազմակերպությունների ասոցիացիայի նախագահը    քայլը ռազմավարական է համարում, բայց և առաջարկում գտնել լավագույն լուծումը, որը սպառողներին անհարմարություն չի պատճառի, իսկ պետության համար կարևորագույն խնդիրներ կլուծի։

Փոխանցումների պատկերն ամբողջացնող տվյալների միասնական համակարգ ստեղծելն էլ ինքնին ծախսատար կարող է լինել, ասում է Գալստյանը։ Կախված նրանից, թե քանի կազմակերպություն ու ինչպես կստեղծեն համակարգը, միջնորդավճարների բարձրացում նույնպես կարող է լինել։ Այս առումով նա մատնանշում է օրենսդրության մեկ այլ պահանջ էլ՝ նույնականացումը կիրառվում է 400 հազար դրամ և ավելի գումարներ վճարելու համար, բայց հստակ պահանջ կա, չեն կարող թույլ տալ, որ մասնատված վճարումներ կատարվեն, որպեսզի նույն մարդը մի քանի անգամ վճարելով կարողանա շեմը շրջանցել։

Թեմային ejc.am -ի անդրադարձը