ԱՊՀ մաքսային մարմինները կունենան միասնական փորձաքննությունների կենտրոն

ԱՊՀ մաքսային մարմինները կունենան փորձաքննությունների և հետազոտությունների միասնական կենտրոն։ Կենտրոնը մաքսային նպատակներով կիրականացնի տեղեկատվական–վերլուծական և գիտամեթոդական փոխգործակցություն, կանցկացնի փորձաքննություններ ու հետազոտություններ։
«ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների մաքսային նպատակներով փորձաքննությունների և հետազոտությունների կենտրոնի մասին» համաձայնագրի կնքումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի հիմնական նպատակն է մշակել միատեսակ մոտեցումներ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների աշխատանքի կազմակերպման հարցում փորձաքննություններ և ուսումնասիրություններ նշանակելիս և իրականացնելիս:
Համաձայնագիրը կօգնի բարելավել ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների արդյունավետությունը տնտեսական պաշտպանության, անվտանգության ամրապնդման և մաքսային ոլորտում իրավախախտումների դեմ պայքարի, ինչպես նաև փորձագետների ներուժի և մասնագիտական կարողությունների զարգացման գործում:
Կենտրոնի կարգավիճակում փորձագիտական հիմնարկի լիազորությունները կիրականացվեն 5 տարվա ընթացքում։