ՄԱԶԾ նոր նախաձեռնության շուրջ աշխատանքային քննարկում Տավուշի մարզպետի աշխատակազմում
Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կլիմայի, շրջակա միջավայրի և դիմակայության բաժնի ծրագրային թիմի հետ։
Հանդիպմանը մասնակցեցին Տավուշի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՄԱԶԾ միջազգային փորձագետ տիկին Սիլվիյա Կալնինշը և ծրագրային թիմի անդամներ, մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի և ջրօգտագործողների ընկերության ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց ՄԱԶԾ նոր նախաձեռնությունը, որը նպատակ ունի կլիմայի փոփոխության պայմաններում Տավուշի մարզում նպաստել ջրային ռեսուրսների և աղետների ռիսկերի կառավարմանը, ինչպես նաև գետերի ջրի որակի բարելավմանը։ Նախաձեռնության նախապատրաստական փուլում իրականացվում են ուսումնասիրություններ և գնահատումներ, որոնք ներառում են նաև շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներ։
Մասնակիցները կարևորեցին նախաձեռնության նպատակներն ու ակնկալվող արդյունքները՝ ընդգծելով, որ այն կնպաստի Տավուշի մարզում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, աղետների ռիսկերի նվազեցմանը և բնապահպանական կայուն զարգացմանը։