ՀՀ անկախության օրը Երևանում բացվել է ամենամեծ խաղահրապարակը
Կենտրոն վարչական շրջանի և «Կերոն» զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հարևանությամբ բացվել է մայրաքաղաքի ամենամեծ անվճար հանրային խաղահրապարակը: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, այն համապատասխանում է ներառական ու միջազգային չափանիշներին և զբաղեցնում է շուրջ 2000 քմ տարածք:
«Կարմրախայտ. թաքնված գետի գաղտնիքները» խաղահրապարակը նախատեսված է 0-12 տարիքային խմբի երեխաների համար։ Խաղահրապարակի ստեղծման աշխատանքներում ներգրավվել են միջազգային մասնագիտացած թիմեր:
Խաղահրապարակը ներառում է ինչպես միջազգային ստանդարտներին համապատասխան խաղասարքեր, այնպես էլ հատուկ պատվերով Երևանի համար ստեղծված խաղային սարքավորումներ աշխարհի առաջատար արտադրողներից։