Զերծ մնացեք բանկային տվյալները որևէ անձի տրամադրելուց. ՆԳՆ

Զերծ մնացեք Ձեր առցանց բանկային հավելվածի հաշվի վերաբերյալ մուտքանունը, գաղտնաբառը և SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը որևէ անձի տրամադրելուց: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՆԳՆ Կիբերոստիկանությունը:

«Եթե Ձեր բանկային հաշիվները սպասարկող ընկերության անունից հեռահաղորդակցման հավելվածի (WhatsApp, Viber և այլն) միջոցով ստացել եք հեռախոսազանգ՝ Ձեր անվամբ վարկ ձևակերպելու փորձը ճշտելու կամ այլ անվտանգության ապահովման նպատակով, որի վերջնարդյունքում պահանջվում է տրամադրել Ձեր բանկային հավելվածի հաշիվ մուտք գործելու համար SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը, ՉՎՍՏԱՀԵՔ:

Իրականում այդ «աշխատակիցները», իբր առաջացած խնդիրները լուծելու նպատակով նախ խնդրում են ուղարկված հղումով մուտքագրել Ձեր առցանց բանկային հաշվի մուտքանունը և գաղտնաբառը, ապա նաև բանկային կոդը:

Արդյունքում մուտք գործելով Ձեր հաշիվ՝ հանցագործները փոխում են գաղտնաբառը և զրկելով Ձեզ հասանելիությունից՝ արդյունքում հափշտակում ինչպես Ձեր հաշվում առկա, այնպես էլ Ձեր անվամբ իրենց կողմից առցանց ձևակերպված վարկի գումարը:

Հիշեք՝

  • բանկային ընկերության աշխատակիցները հեռախոսազանգերը կատարում են հայերեն լեզվով,
  • զանգահարում են առանց որևէ հավելվածի օգնության,
  • երբեք որևէ հավելվածի միջոցով չեն ուղարկում հղում,
  • չեն պահանջում ուղարկված հղումով մուտքագրել Ձեր հաշվի մուտքանունը և գաղտնաբառը,
  • չեն պահանջում տրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը:»,- նշվում է հայտարարությունում: