ՀՀ-ում մոտ 5000 տաքսիստի տույժ–տուգանքները կհամաներվեն

ՀՀ–ում մոտ 5000 տաքսիստի տույժ–տուգանքները կհամաներվեն։ Այդ նպատակով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կկատարվեն, որոնցով էլ պետական տուրքի չվճարման արդյունքում կիրառված տույժի համար համաներում կհայտարարվի։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասել է, որ խոսքը վերաբերում է 2015–19 թթ. լիցենզավորված տաքսի ծառայություններ մատուցող շուրջ 5000 ֆիզիկական անձանց, որոնց նկատմամբ համաներումը կիրառվում է, քանի որ 2015–19 թթ. հունիսի 29–ին լիցենզավորման պետական տուրքերը հանվել են, սակայն տուրքերի վճարման պարտավորությունները, չգիտես ինչու, մնացել են։
«2019 թվականին լիցենզավորման պետական տուրքերի նորմերը ուժը կորցրած են ճանաչվել ֆիզիկական անձ հանդիսացող տաքսիստների համար, սակայն այս գործունեությունը շարունակվում էր համարվել լիցենզավորման ենթակա։ Այս ընթացքում շուրջ 10 հազար անձի լիցենզավորում է տրամադրվել, որոնցից 5000–ի մոտ կուտակվել են պետական տուրքի պարտավորություններ` մոտ 1.3 մլրդ դրամի չափով, որից տույժը կազմել է 400 մլն դրամի չափով»,– նշեց փոխնախարարը։
Սիմոնյանը նաև տարօրինակ մի փաստ արձանագրեց` այն անձինք, որոնք 2015–19 թթ. գործել են լիցենզավորման դաշտից դուրս, այսինքն` ապօրինի փոխադրումներ են իրականացրել և տեսչական մարմինների կողմից տուգանվել են, նրանց այդ տուգանքները համաներվել են։ Մինչդեռ նրանք, որոնք լիցենզավորված են եղել, սակայն ամբողջությամբ չեն մարել տուրքից առաջացած պարտավորությունները, նրանց նկատմամբ համաներում չի եղել։
Նախագիծը հանձնաժողովի նիստի ժամանակ միաձայն ստացավ դրական եզրակացություն և ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։