«ԱԳՐՈ ՊՐՈՄ»-ը ազատվեց մաքսատուրքից
Հայաստանի կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրել լոլիկի արտադրությամբ զբաղվող «ԱԳՐՈ ՊՐՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
«Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է ՀՀ Արագածոտնի մարզում կառուցել գերժամանակակից ջերմոցային համալիր 99543 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2025թ․-ի մայիս ամսից: Ընկերությունը հավակնում է զբաղեցնել առաջատար դիրքեր ռուսաստանյան և արտասահմանյան լոլիկի շուկայում։ Այն արտադրելու է տարբեր տեսակի, բարձր բերքատվություն ապահովող լոլիկներ, որի հիմնական մասը՝ 75 տոկոսը, վաճառվելու է ռուսաստանյան և արտասահմանյան մեծածախ մատակարարներին, իսկ մնացած 25 տոկոսը՝ անմիջապես ՀՀ խոշորագույն առևտրային մանրածախ ցանցերին»,- ասված է նախագծում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 4․8 մլրդ դրամի ներդրում՝ ներմուծվող ապրանքների ձեռքբերման, և 1․7 մլրդ դրամի ներդրում՝ հողային կոմունիկացիոն աշխատանքների իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է ստեղծել 225 նոր աշխատատեղ՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4․8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 267 մլն դրամ: