Շրջանառության մեջ է դրվել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը Հայաստանում հյուրընկալելու որոշման նախագիծը

«Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը կանցկացվի Հայաստանում։ 

Միջոցառման կազմակերպման համար կառավարության որոշման նախագիծը շրջանառել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Միջոցառման իրականացումը կնպաստի Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, Հայաստանի մարզային համայնքների կյանքի աշխուժացմանը, կխթանի միջազգային շուկաներում հայկական գինիների առաջմղմանը և արտահանմանը, Հայաստանի՝ որպես գրավիչ գինու զբոսաշրջության երկրի ճանաչելիության բարձրացմանը, նոր գործարար կապերի ստեղծմանը, համագործակցության նոր հնարավորությունների, ներքին շուկայում գինու սպառման մշակույթի տարածմանը, մասնագիտական փորձի փոխանակմանը»,- նշված է նախագծում։ 

«Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» (Concours Mondial de Bruxelles) գինիների միջազգային համտես-մրցույթը համարվում է իր ձևաչափով եզակի, աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթը, որը ունի 30 տարվա փորձ։ 2026թ․ մրցույթը հյուրընկալելու նպատակով՝ Հայաստանից բացի, հայտ էին ներկայացրել նաև Վրաստանը, Ռումինիան, Մոլդովան։