Stripe-ը հասել է ռեկորդային $106.7 միլիարդ գնահատման

Stripe վճարային հսկան հասել է ռեկորդային 106.7 միլիարդ դոլար գնահատման՝ գերազանցելով 2021թ.-ին գրանցած 95 միլիարդ դոլարի ցուցանիշը։

Ընկերությունը շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկ գնահատված մասնավոր ֆինթեքներից մեկը՝ նախընտրելով որպես մասնավոր ընկերություն գործելու ուղին, ինչպես OpenAI-ը և Anthropic-ը։ Հաղորդվում է նաև, որ Stripe-ը բանակցում է ներդրողների հետ բաժնետոմսերի հետգնման շուրջ։

Վճարային ծառայություններից բացի, Stripe-ը ակտիվորեն ընդլայնվում է սթեյբլքոինների ոլորտում։ Նախորդ տարի ընկերությունը ձեռք է բերել Bridge հարթակը, իսկ մայիսին ներկայացրել է Stablecoin Financial Accounts ծառայությունը, որը բիզնեսներին թույլ է տալիս պահել սթեյբլքոիններ, ստանալ վճարումներ թե՛ կրիպտո, թե՛ ավանդական համակարգերով և իրականացնել միջազգային փոխանցումներ սթեյբլքոիններով։ Գլխավոր գործադիր տնօրեն Պատրիկ Քոլիսոնը նշել է, որ սթեյբլքոիններն այսօր բիզնեսների համար «իսկական գործիք» են դարձել՝ հատկապես գանձապետական և միջազգային փոխանցումների հարցերում։

Բացի այդ, Stripe-ը նաև հակազդել է J.P. Morgan Chase-ի՝ հաճախորդների բանկային տվյալներին հասանելիության համար գումարների գանձման ծրագրին։ Ընկերությունը դիմել է Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոյին՝ կոչ անելով համապատասխան մարմիններին կանխել «անօրինական» վճարների գանձումները, որոնք կարող են վնասել մրցակցությանը և սահմանափակել սպառողների ընտրությունը բաց բանկային ոլորտում։