Կանադական ընկերությունը պատրաստ է մինչև 5 մլրդ դոլար ներդնել Հայաստանում պղնձի և մոլիբդենի արդյունահանման համար

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը հաջողված է հանարում Ծաղկաձորում հոկտեմբերի 4-ին ավարտված Mining Armenia Forum 2025 (MAF25) միջազգային համաժողովը, որը միտված էր Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանը։

Այս մասին նա նշեց «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ ազդարարելով նաև Հայաստանում պղնձի և մոլիբդենի արդյունահանման վերաբերյալ կանադական ընկերություններից մեկի հետքրքրվածության մասին։ Այդ ընկերությունը պատրաստ է մինչև 5 մլրդ դոլար ներդնել, եթե հետախուզական աշխատանքները հաստատեն տվյալ վայրում բավարար պաշարների առկայությունը և արդյունահանման տնտեսական նպատակահարմարությունը։ 

Նման համաժողովները Վարդան Ջհանյանը կարևորում է նախևառաջ հանքաարդյունաբերության ոլորտում դրական տեղաշարժին նպաստելու առումով։ Նա ընդգծեց, որ միջոցառման ընթացքում բարձրաձայնվեցին ոլորտի հիմնական խնդիրները և մարտահրավերները, ուրվագծվեցին զարգացման հեռանկարները։

«Ֆորումը ծառայեց հիմնական նպատակին՝ նպատել ոլորտի, դրանով իսկ՝ Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Դատելով գործարար համայնքի և կառավարության ներկայացնուցիչների հնչեցրած մոտեցումներից և տրամադրվածությունից՝ զարգացման միտումներն արդեն իսկ նկատելի են։ Հուսով ենք, որ համաժողովը կդառնա ավանդական և ամենամյա»,- նշեց մեր զրուցակիցը։

Վարդան Ջհանյանը կարևոր է համարում նաև համաժողովի ընթացքում ծավալված բաց և անկեղծ երկխոսությունը ամենատարբեր հարցերի շուրջ։

«Փորձել ենք բազմակողմանիորեն անդրադառնալ մեր ոլորտին, որն ունի տարբեր խնդիրներ։ Առաջնային է հանքաարդյունաբերության ոլորտի տնտեսական նշանակությունը և, իհարկե, կարևոր է լուծել առկա խնդիրները, այդ թվում նրանք, որոնք առնչվում են կայուն զարգացմանը։ Կայուն զարգացումն էլ իր հերթին ներառում է տարբեր բաղադրիչներ՝ սոցիալական, համայնքների վրա ազդեցության, բնապահպանական և այլ խնդիրներ»,- ասաց Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահը։

Պատասխանելով ոլորտում օտարերկրյա ներդրումների ընդլայնման վերաբերյալ մեր հարցին՝ Վարդան Ջհանյանը նշեց, որ 2018 թվականին Ամուլսարի հանքավայրի փակվելուց հետո զգացողություն կա, որ նվազել է օտարերկրյա խոշոր ներդրողների վստահությունը Հայաստանի նկատմամբ։

«Ֆորումին արտասահմանցի մասնագետներին հրավիրելը պայմանավորված է նաև այդ կասկածները փարատելու մղումով։ Այս տարի մասնակիցների թվում էին կանադական «Հայասա» կազմակերպության ներկայացուցիչները։ Ընկերությունը մասնագիտացած է հանքաարդյունաբերական հետախուզական աշխատանքներում ներդրումներ կատարելու ոլորտում։ Նրանք պատրաստվում են մեծ ներդրումներ կատարել Հայաստանում։ Նույնիսկ նշեցին, որ հնարավորություն ունեն 2030-ական թվականներին մինչև 5 մլրդ դոլարի ներդրում կատարել, եթե հետախուզման աշխատանքները հաստատեն պաշարների ակնկալվող ծավալի առկայությունը։ Խոսքը պղնձի և մոլիբդենի արդյունահանման մասին է։ Այսինքն, կա ներդրումների ներգրավման հնարավորություն, ներդրողներ էլ կան, բայց պետք է վերականգնենք նրանց վստահությունը դեպի մեր տնտեսությունը, դեպի Հայաստանում գործող ինստիտուտները»,- եզրափակեց նա։