Հանքարդյունաբերության ոլորտի մասնագետների հետ քննարկվել են CRIRSCO ստանդարտնեերին Հայաստանի անցման հնարավորությունները
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացրեց աշխատանքային խմբի նիստ։
Ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանին և մյուս գործընկերներին ներկայացրեց հոկտեմբերի 3-4-ը Ծաղկաձորում կայացած Mining Armenian Fօrum-ի ընթացքում ասոցիացիայի և նախարարության միջև կնքված հուշագրի մանրամասները։
Քննարկվեցին CRIRSCO ստանդարտնեերին Հայաստանի անցման հնարավոր տարբերակները։
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահը նշեց, որ ներկայում կառավարությունը քննարկում է «Օգտակար հանածոների պաշարների միջազգային հաշվետվողականության ստանդարտների կոմիտեի»՝ CRIRSCO, չափանիշներին անցնելու հարցը։
CRIRSCO-ն մշակում և խթանում է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքների, ինչպես նաև պինդ օգտակար հանածոների պաշարների և ռեսուրսների վերաբերյալ հրապարակային հաշվետվությունների ներկայացման միասնական ստանդարտները։
Հայաստանում CRIRSCO-ի ստանդարտներին անցումը դիտարկվում է որպես ռազմավարական քայլ, որն ուղղված է միջազգային պահանջներին հաշվետվությունների ազգային համակարգի ներդաշնակեցմանը, ինչը թույլ կտա ապահովել տվյալների համադրելիությունը, բարձրացնել թափանցիկությունը, ոլորտի նկատմամբ ներդրողների և բիզնես համայնքների վստահությունը։
Քննարկվող նախաձեռնությունը սերտորեն կապված է կառավարության ընդունած՝ մինչև 2035 թ․ Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության հետ, որի հիմնական նպատակներից է միջազգային չափորոշիչների ներդրումը ոլորտում։
Վարդան Ջհանյանը ներկաներին տրամադրեց ասոցիացիայի պատրաստած վերլուծությունը հետևյալի վերաբերյալ․
- Հայաստանի՝ CRIRSCO-ին անդամակցելու ընթացակարգը,
- CRIRSCO-ի հաշվետվական ստանդարտների ներդրումը Հայաստանի հանքարդյունաբերության օրենսդրության մեջ,
- CRIRSCO-ին անցում կատարելուն առնչվող առաջարկություններ։
Աշխատանքային խումբը, որում ընդգրկված են նաև գիտական հանրության ներկայացուցիչներ, կծանոթանա ասոցիացիայի վերլուծությանը, և կարծիքներ կարտահայտի հաջորդ նիստին։