ԱԺ-ում հյուրընկալել են Սաուդյան Արաբիայի Թագավորության պատգամավորներին

Ազգային Ժողովում հյուրընկալել են Սաուդյան Արաբիայի Թագավորության պատգամավորներին:
Հայաստանի Հանրապետության  և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են ընդամենը 2 տարի առաջ։ Խորհրդարանական բարեկամական խումբը, ըստ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի՝ ձևավորվել է բոլորովին վերջերս:
Թունյանի տեղեկացմամբ՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության Խորհրդատվական խորհրդի Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ալի Մուհամմադ Ալ-Շահրանիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է զբոսաշրջության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում, փոխադարձ առեւտրի, ներդրումների խթանմանն ուղղված քայլերի, կրթական ծրագրերի ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:
Նշենք, որ Սաուդիան Արաբիան մեծ քսանյակի՝ G20-ի անդամ է, և վերջին տասնամյակում զգալի տեղաշարժ է գրանցել տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ՝ նվազեցնելու համար նավթից կախվածությունը։ Ներկայումս այս երկիրը տպավորիչ զարգացում է գրանցում բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, տուրիզմի, ֆինանսաբանկային և այլ ոլորտներում: