Որտե ՞ղ փնտրել Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին․ Robust Armenia 2025 կոնֆերանս
Էներգետիկ անվտանգությունը յուրաքանչյուր երկրի ռազմավարական առաջնահերթություններից է։ Աշխարհում ընթանում է լայնածավալ էներգետիկ փոխակերպում, և Հայաստանը նույնպես փորձում է դուրս չմնալ այդ գործընթացներից։ Արդեն երկրորդ անգամ կազմակերպվող Robust Armenia 2025 կոնֆերանսի օրակարգում «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» գտնելու հարցերն էին։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի խոսքով՝ առանց հանքարդյունաբերության անհնար է պատկերացնել էներգետիկ փոխակերպումը։ «Որքան շուտ բոլորը գիտակցեն և գործի անցնեն, այնքան Հայաստանը քիչ հետ կմնա համաշխարհային միտումներից»,- ընդգծում է նա։
Էներգախնայողությունը դիտարկվում է միաժամանակ երեք մակարդակով՝ համաշխարհային, ազգային և անհատական։ Բոլորն էլ փոխկապակցված ու կարևոր են, հատկապես այն պայմաններում, երբ աշխարհում տարեցտարի աճում են էներգիայի սպառման ծավալները։
«Էներգախնայողության արդյունավետ քաղաքականությունը պետք է գործի բոլոր մակարդակներում՝ պետությունից մինչև բիզնես և քաղաքացի»։ Դիտարկումը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանինն է։
«Robust Armenia 2025» համաժողովը կազմակերպվել է Մեդիամաքս մեդիա ընկերության և SKILL ընկերության համագործակցությամբ։ Ընկերության տնօրեն Արա Թադևոսյանի խոսքով՝ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր, այդ իսկ պատճառով որոշվել է այն դարձնել ամենամյա միջոցառում։
«Արդեն մտածում ենք երրորդ համաժողովի կազմակերպման մասին։ Մեր նպատակն է ստեղծել հարթակ՝ շատ կոնկրետ և անկեղծ զրույցների համար։ Սա կոնֆերանս է մասնավոր հատվածի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ», նշում է Թադևոսյանը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կայուն զարգացման տնօրենի տեղակալ Աննա Սաղաբալյանի խոսքով՝ քննարկման հիմնական նպատակը խնդիրների բացահայտումն ու դրանց համակարգային ըմբռնումն է։
«Մեր խնդիրն այս փուլում ոչ թե անմիջապես լուծումներ առաջարկելն է, այլ նախ՝ թվարկել և հստակ հասկանալ, թե ո՞ր ուղղություններով պետք է շարժվել՝ խնդիրները արդյունավետորեն լուծելու համար»,- նշում է Սաղաբալյանը։