Պոլիտեխնիկում բացվել է «Բջջային ցանցի միկրոենթակառուցվածքով հեռահաղորդակցության» լաբորատորիա

Պոլիտեխնիկում բացվել է  «Բջջային ցանցի միկրոենթակառուցվածքով հեռահաղորդակցության» լաբորատորիա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Լաբորատորիան ստեղծվել է՝ ուսանողներին գործնականորեն ծանոթացնելու հեռահաղորդակցության ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին, ուսումնասիրելու դրանց կառուցվածքն ու սկզբունքները, ինչպես նաև փոխանցելու այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգնեն պատրաստ լինել աշխատել ոլորտում՝ հենց առաջին օրվանից։
Պաշտոնական բացման ընթացքում իմ խոսքում նշել եմ, որ այս նախաձեռնությունը երկու կարևոր ուղերձ է փոխանցում՝ մասնավորպես․
Առաջինը՝ բովանդակության մասին է։
Սա խորքային բովանդակությամբ, տեխնոլոգիական նորարար սարքերով հագեցած լաբորատորիա է։ Մենք կահավորել ենք ֆիզիկապես փոքր, բայց խորը բովանդակությամբ լաբորատորիա։ Հաճախ լինում է հակառակը՝ մեծ տարածքներ՝ առանց բովանդակության։ Այսօր խոսքը բացառապես բովանդակության մասին է՝ այնպիսի միջավայրի, որտեղ ուսանողը ստանում է գործնական կրթություն և կարող է դառնալ մասնագետ, որը կսկսի աշխատել առաջին իսկ օրվանից, այլ ոչ թե աշխատանքի առաջին օրվանից կմտածի սովորելու մասին։
Երկրորդը՝ կարևոր ինստիտուցիոնալ համագործակցության մասին է։
Այս լաբորատորիան փայլուն օրինակ է պետություն–մասնավոր հատված–կրթական կառույց եռակողմ արդյունավետ համագործակցության։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աջակցությամբ VIVA ընկերությունն ու Պոլիտեխնիկական համալսարանը խորացրին համագործակցությունը՝ միավորելով ռեսուրսներն ու փորձը՝ կրթական, հետազոտական և մասնագիտական զարգացման նպատակներով։
Լաբորատորիայի հնարավորությունները և նպատակները՝
ծանոթանալ բջջային ցանցի կառուցվածքին,
ուսումնասիրել ցանցի հիմնական հանգույցները և դրանց գործառույթները,
ճանաչել ոլորտում կիրառվող տեխնոլոգիաներն ու միջազգային ստանդարտները,
աշխատել նորագույն սարքավորումներով և ձեռք բերել գործնական գիտելիքներ,
տիրապետել այն ծրագրերին, որոնք կիրառվում են միջազգային հեռահաղորդակցության համակարգերում,
անցկացնել հետաքրքիր, ինտերակտիվ և հագեցած դասընթացներ»։