Դ․ Խուդաթյանը մասնակցել է ԵՄ, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի երկրների տրանսպորտի նախարարների նիստին
Երեկ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցվացվող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ԵՄ, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի երկրների տրանսպորտի նախարարների նիստին, որի ժամանակ հանդես է եկել ելույթով։
Ելույթից որոշ հատված նախարարը ներկայացրել է իր ֆեյսբուքյան էջում․
«Տրանսպորտային ենթակառուցվածքների ներդրումներն ապագայի ներդրումներն են՝ շարժունակության, տնտեսական կայունության և երկարաժամկետ զարգացման մեջ։
Այս առումով վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ ավտոճանապարհային ցանցի բարելավման ուղղությամբ, իրականացվում է «Հյուսիս - Հարավ» մայրուղու կառուցման ներդրումային ծրագիրը, որը ձգվում է Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից մինչև Վրաստանի Հանրապետության սահման՝ 556 կմ նախագծային երկարությամբ։
Ռազմավարական տրանսպորտալոգիստիկ նախագիծ է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն ու զարգացումը՝ Հարավային Կովկասը վերածելով Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև առանցքային տարանցիկ հանգույցի:
Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը և TRIPP նախագծի իրականացումը, որը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բաղադրիչներից մեկն է, կդառնա տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հաստատման առանցքային գործոններից մեկը։
Հետևաբար Հայաստանն իր աջակցությունն է հայտնում «Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու» համակարգման հարթակի հետագա ամրապնդմանը և նպատակահարմար է գտնում ընդլայնել դրա գործառնականությունը»,- գրել է նախարար Խուդաթյանը։