Եռակողմ հուշագիր՝ Լոռու մարզում 100 հա նոր անտառ կտնկվի

Այսօր ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը և «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն ստորագրեցին եռակողմ հուշագիր՝ 3 տարվա ընթացքում Լոռու մարզի Փամբակ համայնքում հիմնելու 100 հա նոր անտառ, որտեղ կտնկվի 300,000 տեղական անտառային տեսակի ծառ:
 ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդգծել է, որ նախաձեռնությունը պարզապես ծառատունկ չէ, այլ արձագանք օրհասական բնապահպանական մարտահրավերներին։ ԿԲ նախագահը համոզված է, որ աշխատանքը շարունակական կլինի, և համատեղ ջանքերը կկերտվի այն Հայաստանը, որը հարկավոր է թողնել հետագա սերունդներին։
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճեանի խոսքով՝ բանկային համակարգի հետ գործընկերությունը հատկապես արժեքավոր է․ բանկերը միասին մասնակցում են ռազմավարական նախագծի իրականացմանը՝ ինչը մեր երկրի կայուն տնտեսական զարգացման համար կայուն և երկարաժամկետ ներդրում է։
 «ՀԲՄ 30-ամյակի հոբելյանական տարում նոր անտառի հիմնման վերաբերյալ հուշագրի ստորագրումը դարձավ տարվա ամենահիշարժան նախաձեռնություններից մեկը՝ հերթական անգամ միավորելով ԿԲ-ին և բոլոր առևտրային բանկերին։ Ավելի քան 250 մլն դրամ արժողությամբ մեր համատեղ ծրագիրը վերահաստատում է նաև մեր պատրաստակամությունը շարունակական քայլերով աջակցել երկրի ավելի կանաչ ու կայուն ապագայի ձևավորմանը»,-ասել է ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը։
Նշենք, որ  այս եռակողմ համագործակցությունը 2023 թվականի ՀՀ դրամի 30-ամյակի առթիվ իրականացված նախագծի շարունակությունն է, երբ Հայաստանի բոլոր բանկերը և Կենտրոնական բանկը միասին տնկեցին 50 հեկտար անտառ Լոռու մարզի Ուրասար և Ջրաշեն բնակավայրերի մոտ։