ԱԷՄԳ-ն չի ստացել Իրանի միջուկային օբյեկտներ մուտքի թույլտվություն. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) մասնագետները մինչև այժմ չեն ստացել Նաթանզի, Սպահանի և Ֆորդոյի իրանական խոշոր միջուկային օբյեկտներ մուտքի թույլտվություն, որոնք վնասվել են հունիսին ամերիկյան ռմբակոծության հետևանքով: Այս մասին հայտնել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ավստրիական Die Presse թերթին տված հարցազրույցում։

Գրոսին պարզաբանել է, որ Իրանում առաջվա պես կան ԱԷՄԳ-ի տեսուչներ։ Նրա խոսքով՝ իրանական միջուկային օբյեկտների վրա հունիսյան գրոհներից հետո տեսչական ստուգումները դադարեցվել են։

«Խոշոր օբյեկտները լուրջ վնասվածքներ են ստացել, և տեսչական ստուգումները հնարավոր չեն եղել անվտանգության նկատառումներով։ Իրանը գրոհներից հետո սահմանափակել է համագործակցությունը գործակալության հետ։ Մենք փնտրել ենք երկխոսություն, բանակցություններ ենք անցկացրել Կահիրեում և պայմանավորվածություն ձեռք բերել։ Մեր տեսուչներն այցելել են բոլոր անձեռնմխելի օբյեկտներ։ Սակայն մենք մինչև այժմ մուտքի թույլտվություն չունենք Նաթանզում, Սպահանում և Ֆորդոյում. դրանք գրոհի ենթարկված օբյեկտներ են», – նշել է Գրոսին։