Ե՞րբ կհասնի ադրբեջանական վառելիքը Հայաստան․Ազատություն ռ/կ

Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար Վրաստանը տուրք չի գանձի, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը:

Պաշտոնական Թբիլիսին տեղեկացրել է, որ անցած շաբաթվա վերջին այդ մասին հարցում է ստացել գործընկերներից, թե որ երկրից՝ չի հստակեցվում։

«Այս տարվա դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկերներից ստացել է խնդրանք՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Հայաստան վառելիքի միանվագ տարանցում իրականացնելու վերաբերյալ։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ «Վրացական երկաթուղի»-ին հանձնարարվել է անհապաղ և ամբողջությամբ անվճար իրականացնել բեռի միանվագ երկաթուղային փոխադրումը», - նշված է հայտարարությունում:

Ադրբեջանական նավթամթերքի միանվագ անվճար փոխադրում իրականացնելու մասին հայտարարելով, պաշտոնական Թբիլիսին նաև ընդգծել է, թե Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական և հուսալի գործընկերը, ինչպես նաև աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

Ե՞րբ է սպասվում ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր վրացական կողմի այս հայտարարությունից հետո «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարարն իրեն տեղեկացրել է, որ ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակը Վրաստանով Հայաստան կտեղափոխվի առանց մաքսատուրքի: Ըստ Պապոյանի՝ վրացական կողմը այդ քայլը դիտարկում է իբրև խաղաղության գործընթացին նվիրված ժեստ: Էկոնոմիկայի նախարարը, սակայն, հրաժարվեց ասել՝ երբ է սպասվում ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակի ներկրումը Հայաստան:

«Ազատություն». - Մենք ունե՞նք այդպիսի պայմանավորվածություն՝ ադրբեջանական նավթամթերք Հայաստան ներկրելու համար, ինչի մասին շաբաթ օրը խոսել էր Հաջիևը:

Պապոյան. - «Կգա ժամանակը՝ ամեն ինչ կիմանաք»:

«Ազատություն». - «Իսկ Վրաստանի հետ մենք բանակացություններ վարե՞լ ենք, որի արդյունքում Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար վրացական կողմը տուրք չի գանձի:

Պապոյան. - Քանի որ վրացական կողմը դրա մասին հայտարարել է, հաստատում եմ, Վրաստանի էկոնոմիկայի նախարարն է ինձ անձամբ փոխանցել:

Ամբողջությամբ՝ azatutyun.am