Կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման գործընթացի վերաբերյալ

Այս տարվա ընթացքում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման գործընթացի վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը․
  • 2024 և 2025 թվականներին ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցումն իրականացվում է միայն համայնքային հանձնաժողովների կողմից սահմանված կարգով ճշգրտված և ամփոփված ակտերի ներկայացման հիման վրա։
  •  Այն համայնքների համար, որոնք ծրագրով սահմանված ընթացակարգի համաձայն ամբողջացրել և հանրապետական հանձնաժողով են ուղարկել կարկուտի հետևանքով պատճառված վնասների չափերի վերաբերյալ ցանկերը և ամբողջական փաստաթղթերը, գումարները դեռևս հոկտեմբեր ամսից հասանելի են։
Մնացած համայնքների կողմից ճշգրտված հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից հետո ևս գումարները կդառնան հասանելի՝ սահմանված կարգով։

Լրացուցիչ տեղեկատվություն

Համայնքներից և մարզերից աշխատանքային կարգով ներկայացված ակտերի պատշաճ կազմված լինելու վերաբերյալ իրականացված նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ 2025 թվականին մարզերին փոխանցված միջոցների շրջանակում հնարավոր կլինի իրականացնել վճարումներ հետևյալ համայնքներին՝
  •  Լոռու մարզ՝ Լոռի Բերդ, Փամբակ, Սպիտակ, Ալավերդի
  •  Շիրակի մարզ՝ ամբողջությամբ՝ Ամասիա, Արթիկ, Ախուրյան, Անի
  •  Արմավիրի մարզ՝ Խոյ, Մեծամոր (Մեծամոր համայնքում՝ մեկ տարվա վնասի մասով)
  •  Տավուշի մարզ՝ Իջևան համայնք (Նոյեմբերյան համայնքի համար փոխհատուցումը նախատեսվում է 2026 թվականի հունվարին)
  •  Արագածոտնի մարզ՝ Թալին
  •  Գեղարքունիքի մարզ՝ Ճամբարակ համայնք
Վերոնշյալ համայնքները կարող են ստանալ փոխհատուցումն առաջիկա շաբաթվա ընթացքում, եթե պատասխանատու գերատեսչությունների կողմից արձանագրված թերություններն օպերատիվ կերպով շտկվեն և սահմանված ձևաչափով ներկայացվեն ՀՀ ՆԳՆ՝ հանրապետական հանձնաժողովի հաստատմանը։