ԵԱԶԲ–ն նախատեսում է 2026թ․–ին Հայաստանում ֆինանսավորել 100–150մլն դոլարի նախագիծ

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից 2026 թվականին Հայաստանում նախատեսվող ֆինանսավորման ծավալը կազմում է 100-150 մլն դոլար, հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը։

«Դա իսկապես լեռնահանքային արդյունաբերությունն է և արդյունաբերության համար թվային կարգավորումների հետ կապված պատմությունը։ Դա մեր կենտրոնացման թիրախն է», — ասել է Մանդրոնը ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Նա նաև պատասխանել է Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին բանկի ներգրավվածության վերաբերյալ հարցին։

«Մենք գիտենք այն նախագծի մասին, որի մասին խոսում եք, բայց դա մեր կենտրոնացման թիրախում չէ մոտ ժամանակներս։ Մենք այն չենք դիտարկում որպես նախագիծ, որն այժմ գտնվում է մեր առաջիկա ծրագրերի ցանկում (pipeline)», — ասել է Մանդրոնը՝ պարզաբանելով, որ այդ նախագծում չկա ինտեգրացիոն բաղադրիչ, որն առաջնահերթություն է բանկի համար։

2023 թվականի փետրվարին Հայաստանը, ԵԱԶԲ-ն և «Lydian Armenia»-ն ստորագրել էին Փոխըմբռնման հուշագիր, ըստ որի կողմերը պատրաստ էին ներգրավել շուրջ 150 մլն դոլար և ևս 100 մլն դոլար այդ փաստաթղթից դուրս՝ Ամուլսարի հանքի շահագործման համար։ Փաստաթուղթը նախատեսում էր ԵԱԶԲ-ի կողմից 100 մլն դոլարի վարկի տրամադրում, ևս 50 մլն դոլար նախատեսվում էր ստանալ տեղական բանկից։

2024 թվականի նոյեմբերին ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը հայտարարել էր, որ բանկը պատրաստ էր աշխատել Ամուլսարի հանքի ուղղությամբ, սակայն նախագծի ֆինանսավորման հայտը հետ է կանչվել։ Նրա խոսքով՝ Հայաստանում պետք է լուծեն այդ հարցը։

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ասել էր․ «ԵԱԶԲ–ի հետ կապված մենք ենք հետ քաշել ֆինանսավորման հայտը, ոչ թե բանկն է մերժել մեզ, քանի որ ֆինանսավորման ժամանակացույցը և ֆինանսավորման պայմանները այն չէին, ինչ մենք ակնկալում էինք»։