36.3% աճ՝ առաջին կիսամյակում. ինչի՞ հաշվին է մեծացել արտահանումը Հայաստանից

2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը աշխարհի հետ  5 մլրդ 152 մլն դոլարի առևտուր է արել, որից 1 մլրդ 881 մլն դոլարը Հայաստանից արտահանումն է, իսկ 3 մլրդ 271 մլն դոլարը՝ ներմուծումը։

 Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի տվյալները` (ՀՀ ՎԿ), 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանից ապրանքների արտահանման ծավալն աճել է 36.3%֊ով, ներմուծումը՝ 48.7%֊ով։

 Այս ուսումնասիրությամբ Տնտեսական լրագրողների ակումը փորձել է հասկանալ, թե  ինչի հաշվին է աճել արտաքին առևտուրը և արդյոք արտահանման և ներմուծման կենտրոնացվածությունը թուլացել է։

 Ռուսաստան, Չինաստան, Շվեյցարիա. հայկական ապրանքների արտահանման «պատվավոր» եռյակը

 Ընդհանուր առմամբ՝ 2022 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, բացարձակ թվով արտահանումը Հայաստանից աճել է 501 մլն դոլարով, որից 177 մլն դոլարը միայն դեպի Ռուսաստան արտահանման աճն է։ Արտահանման աճին էապես նպաստել են նաև դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, Վրաստան, Իրաք, Նիդերլանդներ և Բուլղարիա արտահանումները։ Բացի Ռուսաստանից, դեպի մյուս նշված երկրներ Հայաստանն արտահանում է մեծամասամբ հանքահումք, ծխախոտ և ադամանդ:

 Այսպես, 2022 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել մոտ 543 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 48.4%֊ով։ Այդպիսով, Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման ծավալում կազմում է 28.8%: Հայաստանը Ռուսաստան է արտահանում հարյուրավոր անուն ապրանքներ՝ սկսած կոնյակից, թարմ միրգ ու բանջարեղենից, պահածոներից մինչև ոչ պարենային ապրանքներ։

 Արտահանման առաջին եռյակում են Չինաստանը,  Շվեյցարիան ու Բուլղարիան՝ հավասար կշիռներով, որտեղ Հայաստանն արտահանում է հիմնականում հանքահումք։

 Հայաստանի արտահանման 9.4%֊ն այս տարվա առաջին կիսամյակում զբաղեցրել է Չինաստանը։ Արտահանումը կազմել է 176 մլն դոլար։ Ու չնայած Չինաստանը արտահանման մեջ երկրորդ պատվավոր տեղում է, սակայն հայկական ապրանքների արտահանման ծավալները դեպի նշված երկիր, նախորդ տարվա առաջին կիսամյակի, համեմատ նվազել են 21.8%֊ով։

 11.6%֊ով էլ նվազել է դեպի Շվեյցարիա արտահանումը՝ կազմելով 142 մլն դոլար։ Փոխարենը 34.9%֊ով աճել է դեպի Բուլղարիա արտահանումը՝ կազմելով 142 մլն դոլար։

 Ինչպես նշվեց վերևում, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Վրաստանը, Իրաքը և Նիդերլանդները էական դեր են ունեցել արտահանման աճի հարցում։

 Դեպի ԱՄԷ արտահանումը եռակի աճել է՝  կազմելով 123 մլն դոլար, դեպի Վրաստան՝ 2.9 անգամ (90 մլն դոլար), դեպի Իրաք՝ 75%֊ով (108 մլն դոլար) և դեպի Նիդերլանդներ` 64.5%֊ով (117 մլն դոլար):

 Բացի նշված երկրները, այլ երկրներ ևս որոշակիորեն  նպաստել  են արտահանման աճին, սակայն՝ ավելի համեստ կշռով։ Այդ երկրների թվում են, օրինակ՝ Իրանը, Բելգիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը և այլն։

 Որոշ երկրների պարագայում էլ բացասական միտումներ են գրանցվել, ինչպես՝ Կանադայի, Կորեայի Հանրապետության և Չեխիայի։ Սակայն, քանի որ այս երկրները մեծ կշիռ չունեն Հայաստանի արտահանման կազմում, նրանց ուղղությամբ գրանցված անկումները «ճակատագրական» չեն եղել Հայաստանի արտահանման համար։ Արդյունքում, 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտահանման առաջատար տասը երկրներն այսպես են դասավորվել.

Ինչպես տեսնում ենք, միայն առաջին հինգ երկրներին բաժին է հասնում Հայաստանի արտահանման կեսից ավելին՝ մոտ 60%֊ը, որը ցույց է տալիս, որ արտահանումն, ըստ երկրների, շարունակում է ոչ դիվերսիֆիկացված մնալ։ Նույն պատկերն է նաև՝ ըստ ապրանքների բաժանումը, որտեղ հաստատուն դիրքերում է մնում հանքահումքը։  

Արտահանման 29%֊ը հանքահումքն է, 19%֊ը՝ պատրաստի սնունդը

 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից 552 մլն դոլարի հանքահումք է արտահանվել, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճել է 4.3%֊ով։ Միայն հանքահումքը ապահովել է ամբողջ արտահանման 29%֊ը։ Հանքահումքային արտադրանքի կազմում ներառվում են հիմնականում պղնձի խտանյութը, մոլիբդենը, ոսկին։

 Հաջորդ խոշոր ապրանքախումբը պատրաստի սնունդն է։ Մասնավորապես, արտահանվել է 351 մլն դոլարի պատրաստի սնունդ, որը կազմում է ամբողջ արտահանման մոտ 19%-ը։

 Զգալի աճել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր ապրանքախմբի արտահանումը։ Այս տարվա առաջին վեց ամսում Հայաստանից արտահանվել են  մոտ 306 մլն դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր ու մետաղներ, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ կրկնակի աճել է։ Այստեղ էլ պետք է նկատի ունենալ հիմնականում ադամանդն ու ոսկերաչական իրերը։ Այս ապրանքախումը զբաղեցրել է արտահանման 16%-ը։

Եվ արտահանման չորրոդ խոշոր ապրանքախումբը ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերն են՝  12% տեսակրար կշռով։  Արտահանումը կազմել է մոտ 233 մլն դոլար՝ աճելով 46.6%֊ով։ 

Հիմնականում այս չորս ապրանքախմբի հաշվին էլ գրանցվել է  արտահանման աճը այս տարվա առաջին կիսամյակում։ Եթե խոսենք բացարձակ թվերով, ապա այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանումն աճել է 501 մլն դոլարով, որից 93 մլն դոլարը պատրաստի սննդի արտահանման աճն է, 168 մլն դոլարը՝ թանկարժեք, կիսաթանկարժեք քարերի ու մետաղների, 74 մլն դոլարը՝ ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի, 22 մլն դոլարը՝ հանքահումքի և 144 մլն դոլարը՝ մնացած բոլոր հարյուրավոր ապրանքներինը միասին վերցրած։

 Իսկ թե ինչ միտումներ են գրանցվում ներմուծման ոլորտում, կանդրադառնանք հաջորդ հոդվածում։