Ի՞նչ փուլում է «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությունը

«Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության շրջանակներում ամբողջությամբ ավարտվել են դեպի Գյումրի գնացող հատվածի շինարարական աշխատանքները։

Այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 3-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։  

Այդ հատվածում առաջիկա օրերին կավարտվեն նաև լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները։ Ցանցը, որպես այդպիսին, արդեն անցկացված է, հիմա միացումները կլինեն, որից հետո ճանապարհն ամբողջությամբ կհանձնվի շահագործման»,-ասաց Խուդաթյանը։   

Նրա տեղեկատվությամբ՝ հարավային հատվածում ինտենսիվ շինարարական աշխատանքներ են իրականացվել։ Մասնավորապես՝ Քաջարան-Ագարակ հատվածում ներկա պահին կատարողականը կազմում է ավելի քան 40 տոկոս։

«Այս պահին այդ շինարարությունը համարվում է Հայաստանում ամենամեծը, և 2025 թվականի ընթացքում մենք այնտեղ միջինը օրական շուրջ 65 միլիոն դրամի իրականացված աշխատանք ենք ունեցել, շուրջ 700 աշխատակից է այնտեղ աշխատել և ավելի քան 240 միավոր տեխնիկա»,-մանրամասնեց նախարարը։

Ըստ Խուդաթյանի՝ նշված հատվածում արդեն ավարտվել են 2 թունելներից մեկի փորման աշխատանքները, իսկ մյուսինը կատարվել է զգալի չափով։  

Գերատեսչության ղեկավարը նշեց, որ դրանցից մեկը վերջին 30 տարում զրոյից փորված և ամենաերկար թունելն է համարվում Հայաստանում։

Այդ հատվածում նախատեսված է նաև 15 կամրջի շինարարություն, որոնցից 14-ի մասով ներկայում աշխատանքներ են իրականացվում։