Գտնվել են հայկական խաղողի նոր սորտեր, իսկ «Արենին» ճանաչել են Եվրոպայում. Մուրադյան
Հայաստանում 2025 թվականին կարևոր քայլ արվեց խաղողի ամենավտանգավոր հիվանդության՝ ֆիլոքսերայի դեմ պայքարում։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։
Ֆիլոքսերայի դեմ պայքար
Անցյալ տարի Հայաստանում վերլուծվել են ֆիլոքսերայի հարուցիչի (ֆիլոքսերայի որդնալվիճ) գենետիկական ենթատեսակները՝ պարզելու համար դրա տարածման ուղիները։ Այդ աշխատանքը կատարել էր ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի` բույսերի գենոմիկայի լաբորատորիայի վարիչ Քրիստինե Մարգարյանը։
Հիշեցնենք՝ այդ հիվանդությունը վերջին 20 տարում տարածվել է Արարատյան դաշտում, թեև պատմականորեն այն եղել է ֆիլոքսերայից զերծ գոտի (այդպիսիք աշխարհում եզակի են)։ Տավուշում ֆիլոքսերա կա, Արցախում ևս եղել է, սակայն հետազոտության արդյունքները հուշում են, որ Արարատյան դաշտում այն տարածվել է ոչ թե այնտեղից, այլ՝ բերովի միջազգային սորտերից, որոնցով 2000-ականներին այգիներ են հիմնվել։
Այս արդյունքներով պետք է ակտիվ աշխատանք սկսել՝ պաշտպանելու այն տարածաշրջանները, որտեղ ֆիլոքսերան դեռևս հայտնաբերված չէ, օրինակ՝ Վայոց Ձորում։ Արարատյան դաշտի և Արագածոտնի համար անհրաժեշտ է փորձերի միջոցով հասկանալ, թե որ խաղողի սորտը որ արմատակալի վրա պետք է պատվաստել, որպեսզի չկորցնենք մեր տեղական սորտերի գենետիկան և յուրահատկությունները (ժամանակին Եվրոպան նման խնդիր ունեցել է)։ Այդպիսի աշխատանք հիմնադրամն արդեն սկսել է Տավուշի մարզում՝ տեղական գինեգործարանների հետ միասին։
«Ընդհանուր առմամբ, պետք է պատրաստ լիենք, որ եթե ֆիլոքսերան շատ արագ տարածվի, պետք է փոխենք մեր այգիները պատվաստված տնկիներով։ Էկոնոմիկայի նախարարութունը այս խնդիրները լուծելու համար մեզանից ակնկալում է համալիր ծրագիր։ Մասնավորապես, պետք է հիմնենք մաքրասորտ տնկարաններ, որտեղից կօգտվեն մասնավոր այգիները», - նշեց Մուրադյանը։
Նոր կոլեկցիոն այգին պետք է լրացնի գործողը, որը հիմնվել է ՄԱԿ-ի FAO ծրագրի աջակցությամբ և որտեղ Ագրարային համալսարանի մագիստրոսներն ու ասպիրանտները ուսումնասիրում են տեղական սորտերի արդյունաբերական հեռանկարները։
Հայաստանում խաղողի նոր սորտեր են հայտնաբերվել
Քրիստինե Մարգարյանի գիտական խումբը հավաքել է խաղողի մոտ 200 նմուշ, որոնցից հայտնաբերվել են նոր սորտեր։ Որքան էլ անհավանական կթվա, սակայն Հայաստանում կան սորտեր, որոնք հազարամյակների ընթացքում երբևէ չեն հիշատակվել որևէ աղբյուրում։
Նյութն ամբողջությամբ՝ Sputnik Արմենիա