Շուտով ID քարտերի նոր համակարգ է ներդրվելու

 Էլեկտրոնային ստորագրությունների ստանալուն առնչվող խնդիրները լուծելու համար կառավարությունը նոր փոփոխություններ է նախատեսել։ 
«Մենք որքան էլ փաստացի ժամանակ ենք տալիս մեր քաղաքացիներին, որ ձեռք բերեն ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն, իրենք դա թողնում են վերջին օրվան։ Արդյունքում, մենք հիմա հերթեր ունենք քարտեր ստացման հետ կապված, որոնք նույնիսկ ձգվում են ամիսներ»,– պատասխանելով աշխատանքային պայմանագրերը էլեկտրոնային եղանակով կնքելու գործընթացին՝ այսօր ասել է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Չի բացառվում, որ նախարարությունը դիմի ԱԺ–ին, որ այդ մասով փոփոխություններ արվեն։
«Սա անում ենք, որպեսզի իրավիճակը կայունացնենք ու սահուն անցում կատարենք, որ մարդիկ չզրկվեն աշխատելու իրավունքից միայն այն պատճառով, որ չունեն էլեկտրոնային ստորագրություն»,– նշեց Թորոսյանը։
Նախարարը հայտարարեց նաև, որ շուտով ID քարտերի նոր համակարգ են ներդնելու, և որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն երկու անգամ ID քարտ ստանալ` այսօրվա հին տարբերակը և հետո էլ առաջարկվող նոր տարբերակը, նախարարությունը լուծման տարբերակներ է որոնում  կառավարությունում քննարկումների միջոցով։
Թորոսյանն ավելացրեց, որ անգամ հնարավոր է խնդրեն ԱԺ–ին` արտահերթ ձևով այդ հարցը քննարկել, քանի որ դա ենթադրում է նաև «Աշխատանքային օրենսգրքի» փոփոխություն։