ՏԱՑ-ը 2025-ին կազմել է 9,1 տոկոս. Պապոյան
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024-ին 8,3 տոկոս է եղել , 2025-ին՝ 9,1 տոկոս: Աճ արձանագրվել է տնտեսության բոլոր ճյուղերում. ծառայությունները՝ ավելի քան 10 տոկոսով, առևտուրը՝ 3 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ մոտ 6 տոկոսով, շինարարությունը՝ ավելի քան 20 տոկոսով, արդյունաբերությունը՝ 4,7 տոկոսով, մշակող արդյունաբերությունը՝ 3,3 տոկոսով:Այդ մասին տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Արտահանման և ներմուծման կրճատում ունենք, որը պայմանավորված է պարզ ոսկու վերարտահանման կրճատումներով, ինչպես նաև այլ ապրանքներ են որոշակիորեն կրճատվել, որը սանկցիոն մեխանիզմների խստացման հետ է կապված:
Դուք գիտեք, որ ՀՀ Կառավարությունը խիստ հետևում է, ցանկացած որոշում, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն ընդունում են Ռուսաստանի դեմ՝ այս կամ այն ապրանքի հետ կապված, մենք դա անմիջապես ի գիտություն ենք ընդունում և համապատասխան որոշում ենք կայացնում: Այդ պատճառով այն, ինչ 2023-2024-ին Հայաստանի տարածքով գնացել է, 2025-ին թույլ չենք տվել, որովհետև այդ առումով սերտ աշխատում ենք եվրոպական մեր գործընկերների հետ, դրա համար որոշ ուղղություններով կա վերարտահանման կրճատում»,- ասաց նա: