Շրջանառության մեջ են դրվում «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները

2026 թվականի փետրվարի 12-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները:

«Տեառնընդառաջ» տոնին նվիրված հուշադրամներ

Տեառնընդառաջը հայ ժողովրդի ավանդական տոներից է, որը նշվում է փետրվարի 14-ին՝ Սուրբ Ծննդից և Աստվածահայտնությունից (հունվարի 6-ից) քառասուն օր հետո։
Ըստ քրիստոնեական ավանդության՝ Սուրբ Աստվածամայրը Աստծո օրհնությունը ստանալու համար 40 օրական Հիսուսի հետ ներկայանում է տաճար, որտեղ Սիմեոն ծերունին, առաջնորդվելով Սուրբ Հոգով, ընդառաջ է գալիս մանուկ Հիսուսին՝ տեսնելով նրա մեջ աշխարհի ու մարդկության Փրկչին: Այստեղից էլ տոնի՝ «Տիրոջն ընդառաջ» կամ «Տեառնընդառաջ» անվանումը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում Տեառնընդառաջի տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցու կանթեղներից վերցված կրակը մարդիկ տանում են իրենց տները` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Տեառնընդառաջի տոնին կատարվում է նոր ամուսնացած զույգերի օրհնության կարգ, որով Տիրոջ առատ շնորհները բաշխվում են նրանց ընտանիքներին։

Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տեառնընդառաջի օրը (տոնի ժողովրդական անվանումը՝ «Տրնդեզ») նորապսակները, երիտասարդ տղաներն ու աղջիկները խարույկ են վառում բակերում և, միմյանց ձեռք բռնած պարում դրա շուրջ, թռչում կրակի վրայով՝ որպես մաքրագործվելու, ցավերից ու հոգսերից ազատվելու խորհրդանշան: Տոնը նշելու համար պատրաստում են անուշեղեն՝ փոխնդե գնդիկներ, հալվա, աղանձ: Խարույկի մոխիրը շաղ են տալիս տնամերձ հողերին՝ ակնկալելով տարվա առատություն և արգասաբերություն:

Տեառնընդառաջը լույսի և խնդության ժողովրդական տոն է՝ մինչ օրս պահպանված ավանդույթներով:

Դիմերես` «Մողնու Ավետարան» ձեռագիր մատյանից լուսանկար (11-րդ դար, մագաղաթ, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ):
Դարձերես՝ նորապսակ զույգի և կրակի պատկեր:

Էսքիզների հեղինակ` Աննա Կուրղինյան:
Հուշադրամները հատվել են Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Անվանական արժեքը 500 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 999
Քաշը 15.55 գ
Տրամագիծը 30.0 մմ
Որակը լավացված
Դրամաշուրթը հարթ
Թողարկման քանակը մինչև 5000 հատ
Թողարկման տարեթիվը 2026

 

Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը ոսկի 999
Քաշը 3.11 գ
Տրամագիծը 16.54 մմ
Որակը լավացված
Դրամաշուրթը հարթ
Թողարկման քանակը մինչև 5000 հատ
Թողարկման տարեթիվը 2026