Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը Ժնևից կտեղափոխվի Բեռն

Կառավարությունը որոշում կայացրեց  Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի դեսպանությունը Բեռն տեղափոխելու վերաբերյալ։

Հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է. «2002 թվականից ի վեր Ժնևում արդեն իսկ գործում է ՀՀ դեսպանությունը և ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը: Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչը համատեղության կարգով հավատարմագրված է որպես Շվեյցարիայում ՀՀ դեսպան:

Հաշվի առնելով մայրաքաղաք Բեռնի և Ժնևի միջև հեռավորությունը, բազմակողմ և երկկողմ օրակարգերի առանձնահատկությունը՝ անհրաժեշտություն է առաջացել Ժնևում գործող ՀՀ դեսպանությունը տեղափոխել Բեռն:

Նշենք, որ Շվեյցարիայում հավատարմագրված շուրջ 100 դեսպանություններ՝ այդ թվում Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի դեսպանությունները ևս գտնվում են Բեռնում:

ՀՀ դեսպանության տեղափոխումը Բեռն առավել կդյուրացնի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ պարբերական շփումը, հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով ապահովել վերջիններիս հետ կապը և խթանել երկկողմ համագործակցության զարգացմանը և քաղաքական երկխոսության ակտիվացմանը:

ՀՀ դեսպանությունը Բեռն տեղափոխելու հետ կապված ծախսերը տարեկան հաշվարկվել են ընդամենը 344.8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ: Բացի այդ, լրացուցիչ կպահանջվի ևս 62.8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ՝ կահույքի, տեխնիկայի ձեռքբերման, դեպոզիտի և միջնորդավճարի համար:

Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերը 2026 թվականին կավելանա 407.5 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ, իսկ հաջորդող տարիներին՝ 304.8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ: