Հայկական ընկերությունները ռազմական արտադրանքի արտահանման լիցենզիաներ են ստացել. Մխիթար Հայրապետյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործիքակազմի շրջանակներում 2025 թվականին ֆինանսավորվել են ռազմարդյունաբերության ոլորտի գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ՝ շուրջ 2,1 միլիարդ դրամի չափով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ամփոփելով 2025 թվականի արդյունքները, հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նա ընդգծել է, որ 2024 թվականի համեմատ ֆինանսավորման աճը կազմում է շուրջ 50%։

«2024 թվականին այս ցուցանիշը կազմում էր շուրջ 1,4 միլիարդ դրամ։ Նման աճը հնարավոր դարձավ համալիր, ընկալման համար ոչ պարզ, բայց հիմնավորված բովանդակային բարեփոխումների շնորհիվ, որոնք բարձրացրել են տվյալ ծրագրի գրավչությունը ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների համար»,- շեշտել է նախարարը։

Մանրամասն ներկայացնելով 2025 թվականին իրականացված բոլոր օրենսդրական փոփոխություններն ու ոլորտային բարեփոխումները՝ Հայրապետյանը նշել է, որ դրանց արդյունքում հաջողվել է նաև ապահովել հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների մուտքը արտաքին շուկաներ։

«Մշակվել է պետական փորձարկումների անցկացման համար անհրաժեշտ փորձնական նմուշների ստեղծման ֆինանսավորման կարգը։ Սա նոր գործիքակազմ է՝ մեր ընկերություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար պետական փորձարկումների բարդ ու թանկարժեք գործընթացն անցնելու հարցում։ Արդյունքում՝ 2025 թվականին որոշակի թվով ընկերություններ պետությունից ստացել են ռազմական արտադրանքի արտահանման լիցենզիաներ»,- հայտարարել է նախարարը։

Բացի այդ, Հայրապետյանը շարունակել է. «2025 թվականի վերջին մենք նաև հանդես եկանք հայտարարությամբ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել (կարծում եմ՝ ռազմավարական կարևոր որոշում) շարունակել 2022–2023 կամ 2023–2025 թվականների եռամյա պայմանագրերի ավանդույթը, և արդեն հայտարարվել է ֆինանսավորման երկրորդ փուլի մասին, որի ընդհանուր բյուջեն գերազանցում է 151 միլիարդ դրամը»։