Առաքման ոլորտում վերահսկողությունը խստացվում է. առաքիչները պետք է ունենան սանիտարական գրքույկ

Առաքման ոլորտում վերահսկողությունը խստացվում է. առաքիչները պետք է ունենան սանիտարական գրքույկ, հակառակ դեպքում կազմակերպությունը կամ առաքիչը կտուգանվեն 400 հազար դրամի չափով:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է, որ 2026 թվականի մարտի 1-ից սկսելու է սննդի առաքման ոլորտում լայնածավալ վերահսկողություն. առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության դեպքում վարչական պատասխանատվություն կկրեն առաքման ծառայություն մատուցող կազմակերպությունները։

«Նկատի ունենալով վերջին շրջանում հանրություն կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքը, ինչպես նաև արձագանքելով քաղաքացիներից ստացվող բողոքների ու ահազանգերի մտահոգիչ քանակին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2026 թվականի մարտի 1-ից սկսելու է լայնածավալ վերահսկողություն այս դաշտում. առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության դեպքում վարչական պատասխանատվություն կկրեն առաքման ծառայություն մատուցող կազմակերպությունները։

Վերջիններիս պարտականությունն է ապահովել Հայաստանի  օրենսդրությամբ սահմանված դեպքերում սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների բժշկական զննության ենթարկվելը:

Հիշեցնենք, որ սննդի շղթայի ցանկացած փուլում (արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման փուլերը` նախնական արտադրությունից մինչև սպառում, առևտրի և հանրային սննդի ծառայությունների ոլորտ) ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (յուրաքանչյուր կիսամյակ) բժշկական զննությունների և ունենա անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ»,- տեղեկացրել է ՍԱՏՄ-ն։