Հայաստանը գտնվում է պատմական առանձնահատուկ փուլում. Հայաստանում Ճապոնիայի դեսպան
Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն՝ ի դեմս Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ պարոն Աոկի Յուտակայի, ընդունելություն էր կազմակերպել՝ նվիրված Ճապոնիայի կայսեր ծննդյան 66-րդ տարեդարձին: Դեսպանը նշեց, որ Ճապոնիան և Հայաստանը միավորված են հիմնարար այնպիսի սկզբունքների շուրջ, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև միջազգային հանրության շրջանակներում խաղաղության, կայունության և բարգավաճման առաջխաղացմանը նվիրվածությունը։
Հայաստանում Ճապոնիայի դեսպանը, թեև երկու տարի է, ինչ ստանձնել է իր պաշտոնը, սակայն այդ ընթացքում համակարգել է բազմաթիվ նախագծերի ու նախաձեռնությունների իրականացումը, համագործակցել ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, տարբեր ոլորտների կազմակերպությունների հետ։
Դեսպան Աոկի Յուտակայի ձևակերպմամբ՝ Հայաստանը գտնվում է պատմական առանձնահատուկ փուլում, ունի լուրջ քաղաքական և տնտեսական օրակարգ, ինչին Ճապոնիան պատրաստ է աջակցել։ Հավելեց, որ Հայաստանը պատմական փոփոխությունների է ենթարկվում՝ Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հասնելու նպատակով, իսկ խոշոր փոփոխություններն իրենց հետ բերում են մարտահրավերներ։
Աղբյուրը՝ aravot.am