Նախորդ տարիներին էլ է տնտեսական աճ եղել, ինչո՞ւ միայն այս տարի որոշեցիք բարձրացնել կենսաթոշակները. հարց՝ Պապոյանին

Հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.6 տոկոս է և եթե այս տարվա վերջում էլի բարձր տնտեսական ա ունենանք, նորից կենսաթոշակները, աշխատավարձերը կբարձրացնենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Մենակ դա չի, եթե շատ փող ունենանք, ոչ թե 300 դպրոց կվերանորոգենք, այլ 500–ը կվերանորոգենք»,–ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ պարգևավճարից հրաժարվեն, Պապոյանն ասաց, որ դա պարգևավճար չի, այլ վարձատրման նոր համակարգ. «Այդ վարձատրման նոր համակարգը ենթադրում է, նաև տնտեսական նոր իրավիճակը ենթադրում է, որ երկրում պետք է  կենսամակարդակը բարձրանա։ Եթե պետական համակարգում աշխավարձերը ավելանում են, հետևից մասնավոր համակարգն էլ է ավելացնում։ Հիմա, օրինակ, մասնավորում բարձր է աշխատավարձը, կադրերի արտահոսք կա։ Բնականաբար, եթե մասնավոր համակարգում աշխատավարձերը շատ բարձրանան, մասնավորը, որպեսզի շարունակի լավ կադրերին տանել, ինքն էլ է իր կողմից բարձրացնելու։

Այնպես որ ես վարձատրության նոր համակարգը և առհասարակ աշխատավարձերի բարձրացումը ինձ համար շատ նորմալ և շատ ուրախալի է, որովհետև առաջին անգամ, օրինակ, դեկտեմբերին միջին աշխատավարձը գերազանցեց 400 հազար դրամը, իհարկե, հարկերը մեջը։ Մենք անընդհատ տեսնում մենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը ավելանում է, և դա նորմալ է, լավ է։

Եթե հնարավորություն լինի, նվազագույն աշխատավարձը կարողանանք բարձրացնել, բոլորի համար է բարձրանալու, այդ թվում մասնավոր սեկտորի համար։ Այնպես որ ես ամեն ինչին նայում եմ ոչ թե նախընտրական կամ ընտրական տրամաբանությամբ, այլ մեր երկրի տնտեսական զարգացումների համատեքստում»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ նախորդ տարիներին էլ է տնտեսական աճ եղել, բայց միայն այս տարի է, որ ընտրություններից մի քանի ամիս առաջ 10 հազար դրամով բարձրացվում են կենսաթոշակները, նախարարն ասաց. «Նախորդ տարիներին տնտեսական աճի արդյունքները այլ ուղղություններով են բաշխվել, օրինակ, ճանապարհներ են ավելի շատ կառուցվել, դպրոցներ և այլն։ Կներեք, եթե դպրոց է կառուցվում մի գյուղում, որտեղ դպրոցը կառուցվել է, ասենք, 50-60-70 տարի առաջ և կիսաքանդ վիճակում էր, դա դա տնտեսական աճ չի՞, դա մարդու բարեկեցություն չի՞։ Մի դեպքում տատիկն է ստանում 10000 դրամ ամսական ավել, այսինքն տարին 120000 դրամ, կամ տատիկն ու պապիկն իրար հետ 240000 դրամ, գումարած մի հատ էլ դրանից ստանալու են 20% հետվերադարձ։ Մյուս կողմից ասենք օրինակ այդ նույն տատիկի և պապիկի թոռնիկը գնում է ոչ թե կիսաքանդ դպրոց, այլ լավ ու նորակառույց դպրոց։ Երկուսն էլ կենսամակարդակի մասին են խոսում»։

Ինչ վերաբերում է նրան, որ «Հզոր Հայաստան» կուսակցության հիմնադիրներից Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ Սամվել Կարապետյանն է իր քայլերով ստիպել իշխանություններին բարձրացնել կենսաթոշակները, Պապոյանն արձագանքեց. «Ճիշտ ասած մենակ իրենք չէ, ես առավոտյան տեսա նվազագույնը վեց-յոթ հոգի ինքնահայտարարագրվել էր, թե իրենք են «մեղավոր», մի հատ թող իրար մեջ որոշեն, թե իրենցից ո՞ր մեկն է ամենամեղավորը, որ կենսաթոշակները ավելացել են, հետո կպատասխանենք»։