COP17–ի շրջանակում ՇՄ նախարարության աշխատակիցների գործուղումների համար հատկացվեց 73.7 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց Կառավարության պահուստային ֆոնդից Շրջակա միջավայրի նախարարությանը հատկացնել 73 մլն 752 հազար դրամ՝ նախարարության աշխատակիցների միջազգային բնապահպանական միջոցառումներին մասնակցելու նպատակով արտասահմանյան գործուղումների ծախսերի ապահովման համար։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանն այս տարի հյուրընկալելու է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Այս իրադարձության նախապատրաստությունը պահանջում է շրջակա միջավայրի նախարարության ակտիվ մասնակցություն միջազգային բնապահպանական միջոցառումներին և հանդիպումներին՝ փորձի փոխանակման, տեխնիկական կարողությունների զարգացման, COP17-ի հաջողության ապահովման, պատշաճ նախապատրաստության և կազմակերպման համար։

2026–ին նախատեսված է նախարարության ներկայացուցիչների մասնակցություն ավելի քան 22 առանցքային միջոցառումների, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպվող միջոցառումներ և հանդիպումներ, պաշտոնական այցեր և այլն։

Նախարարությանը 2026–ի պետական բյուջեով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված 4.8 մլն. դրամ հատկացումից այս պահի դրությամբ ծախսվել է ավելի քան 80 տոկոսը։