Հայաստանի երկաթուղու կառավարումն այլ երկրի փոխանցելու վերաբերյալ ՌԴ-ի հետ աշխատանքային քննարկումներ կան. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ աշխատանքային քննարկումներ է անցկացնում Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումն այլ երկրի փոխանցելու հարցի շուրջ։
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ռուսական կողմի հետ կան քննարկումներ՝ կապված հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումն այլ երկրի փոխանցելու մասին իր՝ ավելի վաղ արած առաջարկի հետ։
«Այո, աշխատանքային մակարդակով քննարկումներ կան Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ։ Եվ մենք հարցի վերաբերյալ նաև որոշակի ըմբռնում ենք տեսնում, ինչի համար շնորհակալ ենք, որովհետև էլի եմ ասում՝ մեր ասածի մեջ Ռուսաստանի դեմ ուղղված որևէ բան չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը՝ ասելով, որ Հայաստանն այս իրավիճակում պարզապես իր մրցակցային առավելությունները կորցնում է, և մենք ուրիշ որևէ մոտիվացիա չունենք, և հույս ունեմ, որ մենք կկարողանանք հասնել կոնկրետ լուծումների։