Կենսաթոշակը՝ մեկ տարվա սահմանափակմամբ․ ՄԻՊ-ը վիճարկում է քաղաքացիների սահմանադրական իրավունքի սահմանափակումը

Տարին մեկ անգամ ներկայանալ բանկ, ստորագրել ու իրացնել կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Հակառակ դեպքում կենսաթոշակը հնարավոր է ստանալ ստորագրելուց հետո միայն։ Նույն կարգավորումը վերաբերում է նաև Հայաստանից դուրս գտնվող կենսաթոշակառուներին։ Բայց միշտ չէ, որ նրանք հնարավորություն ունեն տարին մեկ անգամ այցելել Հայաստան, հաստատել իրենց ներկայությունն ու իրացնել սահմանադրական իրավունքը։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից ejc.am-ի հարցմանն ի պատասխան մանրամասնում են՝ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող կենսաթոշակառուի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող, կենսաթոշակը վճարվում է նոտարի կողմից վավերացված լիազորագրով, եթե լիազորագիրը տարածքային կենտրոն ներկայացնելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված չէ։

Ընդ որում, կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում՝ սկսած կենսաթոշակը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողության դադարելը։ Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո կենսաթոշակը տվյալ լիազորագրով չի վճարվում։ Կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ այն դեպքերի, երբ կենսաթոշակառուն պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում, բուժվում է հոգեբուժական հաստատությունում կամ սովորում է ռազմական ուսումնական հաստատությունում։

Եթե կենսաթոշակի վճարումն արդեն իսկ դադարեցված է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը լիազորագրով չի կարող վճարվել։ Չվճարված կենսաթոշակի գումարը կարող է վճարվել (նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել)՝ կենսաթոշակառուի կողմից անձամբ գրավոր դիմելու դեպքում։

Օրենսդրական կարգավորումների համաձայն՝ ՀՀ-ում չգտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար կենսաթոշակառուին կենսաթոշակի վճարմանն առնչվող հարցերը կարգավորվում են բացառապես օրենքով և այդ օրենքի կիրառումն ապահովող որոշումներով։ Այս մասով 2026 թվականին նոր կարգավորումներ չեն մշակվել։

Նշենք նաև, որ մեր տեղեկություններով՝ մասնավորապես ՌԴ-ում գտնվող անձը, որն առողջական խնդիրներով պայմանավորված չի կարող տարին մեկ անգամ գալ Հայաստան և ներկայանալ ըստ կարգի, կարող է մոտենալ համապատասխան սոցիալական ծառայություն (կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում), դիմում գրել, և այստեղից անձի կենսաթոշակի գործը կփոխանցվի ՌԴ-ի համապատասխան կառույցին։

Կենսաթոշակ ստանալը սահմանադրական իրավունք է

Որքան էլ պատկան մարմինները հղում անեն օրենսդրությանը, միևնույն է, սա անձի սահմանադրական իրավունքն է։ Քաղաքացիների դժգոհությունները հասել են ՄԻՊ գրասենյակ։ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան։ Բարձրագույն դատական մարմինը էլ քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը։

Պաշտպանը խնդրահարույց է համարում այն, որ անձի կենսաթոշակ ստանալու իրավունքի առկայության պայմաններում չվճարված կենսաթոշակի գումարի վճարումը սահմանափակվում է միայն մեկ տարվա ժամանակահատվածով, ինչն ըստ Մարդու իրավունքների պաշտպանի, հակասում է Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքին։

«Պետության ցանկացած միջամտություն սեփականության իրավունքին, այդ թվում՝ կենսաթոշակի վճարման իրավունքի սահմանափակումը, պետք է լինի օրինական, կանխատեսելի, համաչափ և ուղղված ընդհանուր շահին, իսկ սեփականությունից զրկումը՝ որպես առավել խիստ միջամտություն, կարող է կիրառվել միայն բացառիկ դեպքերում և օրենքով հստակ ամրագրված պայմաններով»,- ընդգծում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Վիճարկվում է օրենսդրական կարգավորումը

Դիմումով վիճարկվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այն կարգավորումը, համաձայն որի՝ եթե կենսաթոշակի վճարումը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վճարման միայն դիմելու կամ կենսաթոշակի վճարումը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք հանդիսացող տեղեկատվությունը ստանալու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված կայուն իրավական դիրքորոշումներով ևս հաստատվում է, որ սեփականության իրավունքը հանդիսանում է սահմանադրական հիմնարար իրավունքներից մեկը, որի սահմանափակումը, ինչպես նաև սեփականությունից զրկումը հնարավոր է բացառապես օրենքով ամրագրված կարգով և պայմաններով։

Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ թեև անձն օրենսդրորեն ձեռք է բերում կենսաթոշակի և կենսաթոշակ ստանալու իրավունք, սակայն գործող օրենսդրության կարգավորումները հակասում են ՀՀ Սահմանադրությանը՝ ստեղծելով իրավիճակներ, երբ անձը ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, բայց կոնկրետ ժամանակահատվածի համար զրկվում է իրեն հասանելիք կենսաթոշակից։