Telegraph. Աֆրիկյան Միությունը նախատեսում է փոխհատուցում պահանջել ԵՄ երկրներից ստրկության համար
Աֆրիկյան Միության (ԱՄ) անդամ պետությունները նախատեսում են դատական հայց ներկայացնել Միջազգային դատարանում մի քանի եվրոպական երկրների դեմ՝ ստրկավաճառության համար, հաղորդում է The Daily Telegraph-ը։
«Աֆրիկյան Միության անդամները պատրաստվում են դատական հայցեր ներկայացնել միջազգային դատարաններում նախկին գաղութային տերությունների դեմ՝ դարավոր ստրկության և կայսերական գործունեության համար՝ պնդելով, որ անդրատլանտյան ստրկավաճառությունը մարդկության դեմ հանցագործություն էր», - հաղորդում է բրիտանական թերթը։
Նշվում է, որ ԱՄ երկրները մտադիր են փոխհատուցում պահանջել Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից և Պորտուգալիայից։ Նրանք կարծում են, որ 17-րդ և 18-րդ դարերում ստրկավաճառությունը «մարդկության դեմ հանցագործություն» է, որի համար պետք է փոխհատուցում վճարվի։ Ուգանդացի դատավոր Մարտին Օկումու Մասիգան մատնանշեց պատմական հանցագործությունների փոխհատուցման նախադեպերը։
«Գերմանիան փոխհատուցում վճարեց Հոլոքոստի համար։ Միացյալ Նահանգները փոխհատուցեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ներկալված ճապոնացի ամերիկացիներին», - որպես օրինակ նշեց Մասիգան։