Այս պահին նավթամթերքի գների կտրուկ աճ չի կանխատեսվում. Փորձագետը նշեց, թե երբ կարող է նման բան տեղի ունենալ

Եթե Իրանի դեմ պատերազմի հետևանքով հեղուկացված բնական գազի մատակարարման մասով առանցքային տուժողներից մեկը հենց եվրոպական շուկան է, ապա նավթի մասով, իհարկե, ռիսկային դաշտում է հայտնվում ասիական շուկան, որովհետև Հորմուզի նեղուցով փոխադրվող նավթի շուրջ 80% ուղղվում է դեպի ասիական շուկա, մասնավորապես Չինաստան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էնեգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։

«Ճիշտ է կա տեղեկություն, որ չինական նավերը, մասնավորապես նավթ տեղափոխող մոտ լցանավերը անխոչընդոտ անցնում են Հորմուզով, բայց դա ոչ պաշտոնական տեղեկություն է։ Ամեն դեպքում Հորմուզով անցնող նավթի շուրջ 80%-ը ուղղվում է դեպի Ասիա. դա Չինաստանն է, Հնդկաստանն է, Ճապոնիան է, Հարավային Կորեան է և այլն։ Օրինակ, եթե դիտարկում ենք Ճապոնիան կամ Հարավային Կորեան, ապա նեղուցից այդ երկրների կախվածությունը հասնում է առանձին դեպքերում մինչև 75%–ի, այսինքն սա նաև ասիական անվտանգության հարց է։

Ինչ վերաբերում է գլոբալ տնտեսությանը հասցվող վնասին, իհարկե այս պահի դրությամբ մենք չունենք դեռևս հստակ նախադրյալներ խոսելու համար ռեցեսիայի մասին, բայց եթե հիմնվենք էմպիրիկ տվյալ տվյալների վրա, ապա կարող ենք ասել, որ ռեցեսիան կամ ավելի շուտ նախառեցեսիոն վիճակը հնարավոր է բացառապես այն պայմաններում, եթե, օրինակ, նավթի գինը տևական ժամանակ պահպանվի 110-ից 120 դոլար սահմաններում, ինչ այսօր այդպես չէ։ Մենք տեսնում ենք, որ այո, երկու օր առաջ նավթի գինը հասավ 120 դոլարի, բայց այնուհետև անկում ապրեց։ Այս պահի դրությամբ այն 91.6 դոլար է։ Սա թույլ է տալիս միջազգային տնտեսական գործընթացները քիչ թե շատ պահել կանխատեսելիության տիրույթում։

Սրա համար կան նաև որոշակի զսպող մեխանիզմներ, խոսքը նախ և առաջ 1974 թվականին Փարիզյան կոնֆերանսում ստեղծված միջազգային էներգետիկ գործակալության մասին է, որ այս տասնամյակների ընթացքում ձևավորել է ռեզերվային միջոցներ, որոնք տարբեր աշխարհաքաղաքական վայրիվերումների և հակամարտությունների ժամանակ բացվում են և ուղղվում են համաշխարհային նավթային շուկայի բալանսավորման, ինչպես դա արվեց, օրինակ, Պարսից ծոցի պատերազմի ժամանակ, Լիբիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ, կամ մեքսիկական ծոցում բնական աղետների ժամանակ և այլն։ Այնպես որ այս մեխանիզմը շատ հստակ աշխատում է»,– հայտարարեց փորձագետը։

Երկրորդը, ըստ նրա, վենեսուելական գործոնն է. «Մենք տեսնում ենք, թե ինչպես վերջին շրջանում իրապես ավելացել է Վենեսուելայից արտահանվող նավթի ծավալը։ Այս պահի դրությամբ այն հասնում է մոտավորապես 750 000 բարելի օրական։ Աշխարհում օրական սպառվում է մոտ 100 միլիոն բարել նավթ, որից, փաստացի, մոտ 750.000 ապահովում է Վենեսուելայից։ Սա արտահանման կտրուկ, գրեթե կրկնակի աճ է այն ցուցանիշների համեմատ, որոնք առկա էին ընդամենը 1–1.5 ամիս ամիս առաջ։ Ըստ այդմ, ես կարծում եմ, որ վենեսուելական գործոնը ևս այստեղ արդեն բավական ակտիվորեն օգտագործվում է միջազգային նավթային շուկաները կայունացնելուն նպատակով»,– ընդգծեց Վահե Դավթյանը։

Ինչ վերաբերում է նավթամթերքի գներին, նա ասաց. «Այս պահի դրությամբ չեմ կարող կանխատեսել դրանց կտրուկ աճ, մի պարզ պատճառով՝ նավթամթերքի, լինի դա բենզին, դիզվառելիք և այլն, շուկայական վերջնական գնի կառուցվածքում նավթի տեսակարար կշիռը կազմում է 13-15%։ Գնի առյուծի բաժինը ձևավորվում է առավելապես ակցիզային հարկից, ավելացրած արժեքի հարկից, լոգիստիկայից, վերամշակումից և այլն։

Եթե փորձենք մոդելավորել ինչ-որ հեռանկար, ապա ակնհայտ է, որ նավթամթերքի գների զգայուն փոփոխության մասին մենք կարող ենք խոսել բացառապես այն դեպքում, եթե նավթի գինը անցնի 150 դոլարը՝ մեկ բարելի դիմաց»,– ընդգծեց փորձագետը։