«2000 կմ քշում ենք, որ հասնենք տուն, անցակետում խնդիրներ են ստեղծում»․ բեռնատարների վարորդներն ահազանգում են
«Գիշերը ժամը 12-ին մտել ենք անցակետի կայանատեղի, դուրս ենք եկել հաջորդ առավոտյան ժամը 8-ին։ Գրեթե օր ու կես մնացել ենք այնտեղ»։ Բեռնատարների վարորդներն ահանազանգում են՝ արդեն մի քանի օր է՝ Հայաստան–Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետում դեպի Հայաստան բեռնատարների մուտքը դանդաղել է, ինչի հետևանքով սահմանային հատվածում երկար հերթեր են առաջացել։
«Ոչ մի հստակ պարզաբանում չեն տալիս, վրացական կողմը հայկական կողմին է մեղադրում, հայկականը՝ վրացականին։ Վրացական կողմում ասում են՝ հայկական կողմն է դանդաղ աշխատում, իրենք պիտի ձեզ ընդունեն, որ մենք բաց թողնենք։ Աբսուրդային իրավիճակ է ստեղծվել։ Հետաքրքիրն այն է, որ գալիս հասնում ենք հայկական կողմ, նորմալ, արագ սպասարկում են։ Դա էլ մեզ համար հիմք է ենթադրելու, որ խնդիրը վրացական կողմն է ստեղծում»,–NEWS.am–ի հետ զրույցում պատմեց վարորդներից մեկը։
Վարորդի խոսքով, եթե սովորաբար մեկ օրվա ընթացքում շուրջ 700 մեքենա է Բագրատաշենի անցակետով մուտք գործում Հայաստանի տարածք, ապա այս օրը շուրջ 250 մեքենա է անցել անցակետը։
«Երևի 250 մեքենա է դուրս եկել անցակետից այդ ընթացքում, խայտառակություն է ուղղակի։ Երկու հազար կիլոմետր տանջվելով, չքնելով քշում գալիս ենք, մտածում ենք՝ հասնենք տուն, ընտանիքի, երեխեքի մոտ, ու հարյուր մետր է մնում, որ Հայաստան հասնենք, էսպիսի խնդիրներ են ստեղծում»,–ասաց վարորդը՝ նշելով, որ նման խնդիրներ հաճախ են առաջանում։