TRIPP-ը հիմա բյուրեղացման փուլում է, առաջիկայում ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կստորագրենք. Փաշինյանը՝ Եվրախորհրդարանում

Ինձ համար պատիվ է ձեզ պատմել, որ այս ամբիոնից իմ ունեցած նախորդ ելույթից ի վեր, որը 2023 թվականի հոկտեմբերի 17-ին էր, Հայաստանում և ընդհանրապես Հարավային Կովկասում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հարյուրամյա նշանակություն ունեն, եթե չասեմ հազարամյա։

Այս մասին, այսօր՝ մարտի 11–ին, Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ իմ նախորդ ելույթից անցել է ընդամենը երկու տարի հինգ ամիս։ Ամենահիշարժան փոփոխությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որն արձանագրվեց 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, երբ Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ես ստորագրեցինք համատեղ հռչակագիր, որով, ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատեցինք։

Հռչակագիրը, որպես վկա, ստորագրեց նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Մինչ այդ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԱՄՆ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ ներկայությամբ նախաստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը։

Վաշինգտոնի հռչակագրում լուծում ստացավ նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման այնքան կարևոր և այնքան զգայուն հարցը։ Հռչակագրի երրորդ կետում ըստ այդմ արձանագրված է, մեջբերում եմ. «մենք վերահաստատեցինք ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը, հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով», մեջբերման ավարտ։

Իսկ արդեն հռչակագրի չորրորդ կետում նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով: Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։

TRIPP ծրագիրը ներկայումս բյուրեղացման փուլում է, հունվարի 13-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի կառավարությունները ընդունեցին TRIPP–ի իրականացման շրջանակը և առաջիկայում Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կստորագրեն համապատասխան համաձայնագիր և նախագծի գործնական մեկնարկը կտրվի։

Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծից բխող այս ծրագիրը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի արևելքից արևմուտք և հակառակ ուղղությամբ, հարավից հյուսիս և հակառակ ուղղությամբ հաղորդակցության համար, ինչը նույնպես դարակազմիկ փոփոխություն է»,–հայտարարեց Փաշինյանը։