Լիդիան Արմենիայում մեկնարկել է աշխատակիցների գիտելիքների ստուգման գործընթաց
Ամուլսարի ծրագրում աշխատանքային անվտանգությունը դիտարկվում է որպես առաջնահերթություն։ Այս համատեքստում «Լիդիան Արմենիա» ընկերությունը կարևորում է աշխատակիցների մասնագիտական գիտելիքների շարունակական զարգացումն ու ամրապնդումը։
Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախորդ տարի կազմակերպված վերապատրաստման դասընթացների ընթացքում աշխատակիցները թարմացրել և խորացրել են աշխատանքային անվտանգության վերաբերյալ իրենց գիտելիքները։ Այժմ ընկերությունում մեկնարկել է այդ գիտելիքների գնահատման գործընթացը։
«Գնահատման այս փուլը նպատակ ունի ոչ միայն վերահաստատել արդեն ձեռք բերված գիտելիքները, այլև նպաստել աշխատանքային անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Ամուլսարի յուրաքանչյուր աշխատակից պետք է լիարժեք տիրապետի անվտանգ աշխատանքի կանոններին և այդ գիտելիքները կիրառի իր առօրյա գործունեության ընթացքում»,– նշվում է ընկերության հաղորդագրությունում։
Հաղորդագրության համաձայն՝ աշխատակիցների գիտելիքների ստուգումն իրականացվելու է տարեկան պարբերականությամբ՝ դառնալով ընկերությունում ձևավորվող աշխատանքային անվտանգության մշակույթի կարևոր բաղադրիչներից մեկը։