ՀՀ իշխանությունները ծրագրում են արհեստական բանականության դասընթացներ ներդնել երկրի դպրոցականների ավելի քան 80%-ի համար
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ծրագրում է 2026 թվականին արհեստական բանականության դասընթացներ ներդնել երկրի դպրոցականների ավելի քան 80%-ի համար։ Մարտի 17-ին Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021–2026 թթ.) 2025 թվականի ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ որոշ դպրոցների 10-12-րդ դասարաններում արդեն իսկ գործում են արհեստական բանականության ուսուցման ծրագրեր:
Անդրեասյանը նշել է, որ դրանցից մեկը ներդրվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ՝ 26 ավագ դպրոցների 800 աշակերտների համար։ Մյուսը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ և իրականացվում է 15 ավագ դպրոցներում։ Հավելելով, որ այժմ բանակցություններ են վարում այդ միության հետ՝ արհեստական բանականության համընդհանուր դպրոցական դասընթաց ստեղծելու շուրջ։
Բացի այդ, պետությունը շարունակում է ֆինանսավորել «ArMath» ինժեներական լաբորատորիաները, որտեղ արտադասարանական հիմունքներով սովորում է ավելի քան 17 հազար երեխա: Այս լաբորատորիաներն արդեն գործում են երկրի ավելի քան 630 դպրոցներում: