Կդիմանա՞ Հայաստանի պարտքը Միջին Արևելքի ճգնաժամին

Միջին Արևելքում տիրող իրավիճակն առայժմ էական ազդեցություն չի ունեցել Հայաստանի եվրոբոնդերի նկատմամբ ներդրողների վստահության վրա։ Այդ մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա հիշեցրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի եվրոբոնդերի (արտարժույթով արտահայտված պարտատոմսերի) եկամտաբերությունը նվազել է մոտ 1 տոկոսային կետով (100 բազիսային կետով)։

Հատկանշական է, որ ցածր եկամտաբերությունը, որպես կանոն, բնորոշ է բարձր հուսալիություն ունեցող արժեթղթերին, որոնք վայելում են ներդրողների մեծ պահանջարկ՝ անգամ համեմատաբար ցածր տոկոսադրույքների պայմաններում։

Եվրոբոնդերի եկամտաբերությունը սկսել է նվազել դեռևս անցյալ տարվա օգոստոսից։ Մինչ այդ՝

  • 2031 թվականին մարվող եվրոբոնդերի եկամտաբերությունը կազմում էր շուրջ 6–6.5%,

  • իսկ ավելի երկարաժամկետ՝ 2035 թվականի պարտատոմսերինը՝ մոտ 7%։

Ֆինանսների նախարարության վերջին տվյալներով՝ այս տարվա հունվարի վերջի դրությամբ այդ ցուցանիշները նվազել են՝ համապատասխանաբար մինչև 5.6% և 6%։

«Վերջին զարգացումների արդյունքում եվրոբոնդերի ռիսկի հավելավճարը որոշակի աճել է, սակայն ոչ այնքան, որքան մյուս զարգացող երկրներում՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ դրանից դուրս։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ ներդրողների վստահությունը մեր մակրոտնտեսական քաղաքականության նկատմամբ շարունակում է մնալ բարձր։ Բնականաբար, իրավիճակը դինամիկ է, և մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին։ Վատ սցենարի դեպքում համապատասխան արձագանք կտանք»,– նշել է Գալստյանը։

Միաժամանակ, միջազգային տվյալները վկայում են, որ Միջին Արևելքում լարվածության ֆոնին ներդրողները ժամանակավորապես նվազեցնում են ռիսկային ակտիվների հանդեպ հետաքրքրությունը։ Մասնավորապես, մարտի 4–11-ն ընկած ժամանակահատվածում զարգացող շուկաների պարտատոմսերից դուրս է բերվել շուրջ 1.1 միլիարդ դոլար։

Այս միջոցների զգալի մասը ուղղվել է դեպի  այսպես կոչված «անվտանգ ապաստարաններ»՝ Շվեյցարիա և Ճապոնիա։ Միաժամանակ, շարունակվում է ներդրումների աճը պաշտպանական և ավիատիեզերական ոլորտներում մասնագիտացված ֆոնդերում, որոնք վերջին շրջանում գրանցում են կայուն ներհոսքեր։