Պլաստիկ շշեր ու կափարիչներ արտադրող «ՖԱՐՄՊԼԱՍՏ» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է 29 մլն դրամի ներդրում

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 19–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՖԱՐՄՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել դեղագործության համար նախատեսված պլաստիկ շշերի, կափարիչների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 29․2 մլն դրամի ներդրում հումքի  ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 20 աշխատատեղ՝ 120 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 25-ի՝ 140 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29․2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․9 մլն դրամ։