Առողջապահությունը ՀՀ–ում դառնում է եկամտաբեր բիզնես. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունը առողջապահությունը դարձնում է ինդուստրիա։ Գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին։
«Առողջապահությունը ՀՀ–ում դառնում է եկամտաբեր բիզնես։ Արդեն մեծ ներդրումներ են արվում։ Օրինակ` բժշկական ռոբոտներ են ներկրվում»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ առողջապահության ոլորտում այլևս հին համակարգերին վերադարձ չի լինելու, քանի որ իրենց մարզային այցելությունները ցույց են տվել, որ այս նոր համակարգը սկսել է ապրել։
«Համակարգն անթերի չէ, սակայն իդեալականացման ընկալումից պետք է նահանջենք էականորեն, քանի որ կյանքն ինքնին իդեալական չէ. հենց մենք գնում ենք իդեալականացման տրամաբանության հետևից, մենք կյանքի ռելսերից դուրս ենք թռնում և սկսում ենք ապրել միֆերով, էմոցիաներով, փչած փուչիկներով, փչած փուչիկների մեջ։ Իդեալականացումն անկատարության մեջ է։ Չի լինելու մեր երկրում մի իրավիճակ, որ մեր երկրում ամեն ինչ լինի անթերի»,– հայտարարեց Փաշինյանը։