Այսպիսով հարկային տեռորը հայտարարում եմ փակված. Նիկոլ Փաշինյան

Նախորդ տարվա երկրորդ կեսից կամ գուցե ավելի վաղ, գուցե 2024 թվականից նամակներ, ազդակներ էին գալիս, որ կառավարությունը հարկային տեռոր է սկսել բիզնեսի նկատմամբ, որին մեր արձագանքը այն էր, որ մենք ոչ միայն տեռոր անելու ցանկություն չունենք, այլև ընդհակառակը, տնտեսությունը քաջալերելուն ուղղված տասնյակ միլիարդներ ենք ծախսում։ Այս մասին այսօր՝ մարտի 19–ին, կառավարության նիստում Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր ընկերություն չկա, որ մեր աջակցությամբ մի հատ մեքենա, սարքավորում գնած չլինի, արտոնյալ վարկ վերցրած չլինի, բայց մյուս կողմից մեր սկզբունքը շատ հստակ է՝ բիզնեսից մենք ակնկալում ենք հարկային պարտաճանաչություն և ակնկալում ենք, որ իրենք իրենց հարկերը վճարեն։ Մենք ոչ մի լումա ավել չենք ակնկալում, և ոչ մի լումա պակաս։

Մենք արդեն գործնականում փորձեցինք հասկանալ տպավորությունների պատճառն ինչ է, և տեսանք, որ մեր օրենսդրության մեջ կան կարգավորումներ, որ ՊԵԿ-ը շատ դեպքերում գործում է ինքնաշխատ եղանակով։ Այսինքն օրենքով եկավ շեմը հատեց, ինքը իր գործողությունը պետք է անի, հակառակ դեպքում պաշտոնյաները կարող են մեղադրվել իրենց գործառույթները չիրականացնելու մեջ։ Այդ քննարկումներին ներկա էր նաև քննչական կոմիտեի նախագահը և մենք ընդհանուր առմամբ եկանք այս ըմբռնմանը և հիմա իրականացնում ենք դա։ Այսպիսով հարկային տեռորը հայտարարում եմ փակված։ Կարևորը՝ չեմ հայտարարում բացված, կարևորը հայտարարում եմ փակված»,– ծիծաղելով ասաց վարչապետը։