Օտարերկրացի կինը ոստիկաններին հայտնել է՝ ՀՀ սահմանին տաքսիստը հափշտակել է իր ճամպրուկը՝ պատճառելով 31 հազար դոլարի վնաս
Մարտի 9-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին է դիմել Ղազախստանի քաղաքացի 31-ամյա Կատիրա Կ․-ն և հայտնել, որ մարտի 6-ի ժամը 19։00-ի սահմաններում տաքսի ավտոմեքենայով, որի վարորդը եղել է ոմն Գուգո Ք․-ն, ուղևորվել է Վրաստան, երբ հատել են ՀՀ սահմանը և հասել Վրաստանի անցակետ, իր ճամպրուկը գտնվել է նշված ավտոմեքենայում, անցակետը անցել է ոտքով, իսկ անցնելուց հետո վարորդը չի սպասել իրեն ու հեռացել է հափշտակելով իր ճամպրուկը, հաղորդում է Shamshyan.com–ը։
Օտարերկրացի կինը ոստիկաններին հայտնել է, որ ճամպրուկի մեջ եղել է 9 հազար դոլար, 2 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Մակբուք» և մոտ 20 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ տարբեր տեսակի շղթաներ, թևնոցներ, մատանիներ և այլն, մոտ 160-170 գր․ ոսկյա զարդեր։
Կինը ոստիկաններին հայտնել է, որ վարորդ Գուգո Ք․-ն տեղյակ է եղել, որ ճամպրուկում առկա է գումար և ոսկյա զարդեր և դիտավորությամբ հափշտակել է այն՝ պատճառելով ընդհանուր 31 հազար ԱՄՆ դոլարի վնաս։
Կայքի տեղեկություններով ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գուգո Ք․-ն Երևանի բնակիչ 32-ամյա Գուրգեն Ք․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։