Ճագարատնտեսությունը՝ Սյունիքի սահմանին

Սյունիքի մարզի, արդեն սահմանամերձ  Շիկահող գյուղը գտնվում է Կապան մարզկենտրոնից  21 կմ դեպի արևելք: Այս գյուղում  Հարութ Աղաթելյանը հիմնել և արդեն վեց տարի զարգացնում է ճագարաբուծության իր բիզնեսը. աճեցնում է հիմնականում բուրգունդյան և կալիֆորնիական տեսակները: 21 տարի  զբաղվում էր « քիչ ու միչ»,  հետո փոքրիկ տնտեսությունը մեծացրեց՝ հիմք դնելով «Շիկահող»  ճագարաբուծական տնտեսություն: Հիմնական նպատակն է, որ իրացնել  ճագարի այնպիսի միս, ինչպիսին կցանկանար իր ընտանիքի համար, հատկապես կարևորում է այն հանգամանքը, որ Շիկահողը հեռու է հանքարդյունաբերական շրջաններից:

Հ. Աղաթելյանը պատմում է, որ տարվա կտրվածքով ճագարները 5-6 անգամ են ձագ ունենում, կենդանիների կերակրացանկում հավելանյութեր, խթանիչներ չկա.  գարի է, ցորեն, խոտ, առվույտ, երբեմն էլ արևածաղիկ:

«Շատ է տարբերվում հավելանյութերով սնված ճագարի միսը էկոլոգիապես մաքուր պահած կենդանու մսից, ուտելուց տարբերությունը զգացվում է»,- ասում է նա և հավելում, որ գոմերում  ձեռքի աշխատանք քիչ կա, գործում է կեղտահեռացման, օդափոխության համակարգ:

Երբ Հարութը սկսում էր փոքր բիզնեսը Շիկահողը՝ թաղված անտառների մեջ, ազատ տարածք էր թե գնալ-գալու, թե աշխատելու և լիաթոք շնչելու համար: Ամիսներ առաջ Շիկահողում ևս կյանքը գլխիվայր շուռ եկավ. մեկ օրում գյուղը վերածվեց սահմանամերձի՝ իր բոլոր նորսահմանային խնդիրներով:

Սակայն գործարարը հաստատակամ է. մտադիր չէ գյուղից հեռանալու, պատրաստվում է իր տնտեսությունը զարգացնել և մեծացնել:

Հարութ Աղաթելյանն այժմ ունի շուրջ  200 գլուխ ճագար, 50-ից ավելի մայրական կազմ, փորձում է տնտեսությունն ավելացնել:

Ինչ վերաբերում է ճագարի մսի առավելություններին, ասում է, որ միսը դիետիկ է, դյուրամարս,  չի գիրացնում (ծիծաղում է) և օգտակար է:

«Ճագարի միսը գրեթե չի պարունակում խոլեստերին, դրա համար է, որ նախընտրում են հենց ճագարի միս»,- ասում է  Հ. Աղաթելյանը և նշում, որ շիկահողցիները ևս սիրով են  ճագարի միս համտեսում:

Նա նաև մտածել է այլ կենդանիներ բուծել, սիրում է գյուղոլորտը, իսկ ճագարի հանդեպ հատուկ սեր ունի: Ճագարների հանգիստ, առանց աղմուկ կենսակերպը, ըստ Հարութի,  հանգստացնում է մարդկանց նյարդերը. «Հետաքրիքր է թե ՛ ճագարներին հետևելը, թե ՛ խնամելը.համատեղում է օգտակարը հաճելիի հետ:

Տնտեսություն ունենալու համար նա մեկ դիտարկում ունի. պետք է կենդանու  տեսակն ընտրել ըստ կլիմայական պայմանների, տարածքի, օդի խոնավության և այլն: Համոզված է, որ, եթե սիրում ես կենդանուն, ապա ամեն ինչ հաշվի պետք է առնել: Խորհուրդ է տալիս ճագարաբուծությանը չնայել որպես միայն բիզնես, այլ սիրել, խնամել կենդանիներին և եկամուտն էլ չի ուշանա:

Ճագարաբուծության ակադեմիկան գրականության մեջ նշում է, որ աշխարհում հայտնի է ճագարի 70 տեսակ, սակայն վերջին տարիներին չի բացառվում, որ այս թիվը փոփոխված լինի`տրամախաչման արդյունքում: Իսկ ճագարաբուծությամբ զբաղվողները փաստում են, որ  ճագարներին բնորոշ է վաղահասությունը և  բազմապտղությունը, որն էլ ոլորտով զբաղվողների համար հեռանկարներ է խոստանում:

Նշենք, որ Չինաստանը, Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան տալիս են ճագարի մսի համաշխարհային արտադրանքի շուրջ 75 տոկոսը: Ի դեպ, ճագարի 1 կգ միսը պարունակում է 1.5 անգամ ավելի սպիտակուցներ, քան խոզի, և 1.3 անգամ ավելի, քան ոչխարի միսը: