«Լեգո-կառուցվածք»․ Կենտրոնական բանկը դիտարկում է ներդրումային ուղղվածության բանկերի լիցենզավորման հարցը

Չի բացառվում, որ ապագայում Հայաստանում ներդրումային ուղղվածության բանկերի լիցենզավորման հնարավորություն ստեղծվի։ Այս մասին ապրիլի 6-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ԿԲ նախագահի թեկնածու, ԿԲ գործող նախագահ Մարտին Գալստյանը։

Միևնույն ժամանակ, նա ձեռնպահ է մնացել կոնկրետ ժամկետներ նշելուց։ ԿԲ նախագահի խոսքով՝ արդեն իսկ կան հայեցակարգային փաստաթղթեր, որոնք պատրաստ են քննարկման։ Մասնավորապես, եթե կարգավորողը թույլ տա նոր խաղացողների մուտքը բանկային հատված (օրինակ՝ եթե ներդրումային ընկերություններին թույլատրվի հավելյալ ծառայություններ մատուցել), ԿԲ-ն պետք է վստահ լինի, որ փողերի լվացման դեմ պայքարի տեսանկյունից այդ ծառայությունները կունենան նույն որակը, ինչ գործող բանկերինն է։

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Հայաստանում նմանատիպ լիցենզիաներ դեռևս չկան։ «Հիմա մենք քննարկում ենք տարբերակներ, որպեսզի մեր լիցենզիաներն ունենան «լեգո-կառուցվածք»,- պարզաբանել է Գալստյանը։

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 17 բանկ։