«Open banking»-ը ՀՀ-ում․ ԿԲ-ի ղեկավարը ներկայացրել է նախատեսված նորարարությունների առավելությունները
«Բաց բանկինգը» կարող է նպաստել կոնկրետ սպառողի համար անհատականացված ծառայությունների զարգացմանը։ Այս մասին ապրիլի 6-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է պաշտոնի թեկնածու, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ բաց բանկային համակարգում ֆինանսական ծառայություններ մատուցողները կարող են տեղեկություններ ստանալ հաճախորդների վերաբերյալ՝ իրենց առաջարկած ծառայությունները որոշելու համար: Բաց բանկային ծառայությունները կարող են օգտագործվել ինչպես բանկերի կողմից՝ տեղեկատվության փոխանակման համար, այնպես էլ երրորդ կողմի կազմակերպությունների կողմից: Օրինակ՝ առաջին դեպքում, բանկը, հաճախորդի վարկունակությունը գնահատելիս, կարող է առանձին հարցումներ կատարել այլ բանկերում գտնվող նրա ավանդների մասին: Վարկերի վերաբերյալ տվյալները կարելի է ստանալ վարկային բյուրոյից, սակայն եկամուտների մասին տեղեկատվությունը (ավանդներ կամ ստացվող դրամական փոխանցումներ) մնում է փակ։ Իհարկե, եթե Կենտրոնական բանկն ինքը չբացահայտի այն այս կամ այն հարգելի պատճառով։
«Եթե Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, ընդունվեն «Open Banking»-ի կանոնները, բանկերը, մեր թույլտվությամբ, կկարողանան ավտոմատ կերպով հասանելիություն ստանալ այդ տեղեկատվությանը։ Սա սովորական սպառողին խոստանում է ոչ միայն ժամանակի խնայողություն, այլև գործարքների սպասարկման ծախսերի կրճատում»,- պարզաբանել է Գալստյանը:
Երկրորդ դեպքում ֆինանսական տեխնոլոգիաների (ֆինտեխ) արտաքին ընկերությունները կարող են առաջարկել ծառայությունների լայն շրջանակ։ Խոսքը, օրինակ, կարող է վերաբերել նույնիսկ մեսենջերների միջոցով փոխանցումների հնարավորությամբ վճարային համակարգերին, օնլայն ագրեգատորներին, հաճախորդների տվյալների մշակման բիզնես-վերլուծական ծրագրերին և անձնական բյուջեի պլանավորման հավելվածներին (ֆիզիկական անձանց կամ փոքր բիզնեսի համար)։ «Նման տեխնոլոգիաները թույլ են տալիս զարգացնել մրցակցությունը ֆինանսական ծառայությունների ոլորտում, ինչը գործնականում նշանակում է դրանց որակի բարձրացում»,- կարծում է Գալստյանը։
Սակայն, Հայաստանի Կենտրոնական բանկի և Կառավարության ռազմավարությունը չի սահմանափակվում միայն ֆինանսական ծառայություններով։ Այն ներառում է փոխկապակցվածության ստեղծում բանկերի, հեռահաղորդակցության ընկերությունների, ինչպես նաև պետական գերատեսչությունների մեծ մասի տվյալների միջև։ Հնարավոր արտահոսքերից խուսափելու նպատակով, այդ համակարգերում առկա տվյալները, կտրամադրվեն միայն անվտանգության պաշտպանված համակարգեր ունեցող կազմակերպություններին։