Ուզում եմ իմ հիացմունքը հայտնել վարորդների զուսպվածությամբ. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նախորդ շաբաթ իր տված հանձնարարականին, որ տրանսպորտի վարորդները պետք է հետևեն ուղեվարձի վճարումների իրականացմանը։

Նա հայտնել է, որ Երևանում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիայի քանակը նախորդ շաբաթվա օրերի համեմատ ավելացել է 15-30 տոկոսով։

«Ուզում եմ իմ հիացմունքը հայտնել վարորդների զուսպվածությամբ, վարորդներով, որոնց աշխատանքային, պայմանագրային պարտավորությունն է, որ հետևեն՝ իրականացվի վալիդացիան, կատարվի համապատասխան վճարումը։ Իրապես տպավորիչ է։

Որքան էլ տարբեր անձինք փորձեն հունից հանել վարորդներին, նրանք մնում են անվրդով։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ առանց այն էլ ծանր աշխատանքը հաշվի առնելով կարևոր վերահսկողական ֆունկցիան իրականացնելու համար»,- ասել է քաղաքապետը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարելու պատճառով վարորդների հետ միջադեպերին։

«Ունեցել ենք մի քանի միջադեպ, մեկ կոնկրետ տհաճ միջադեպ, երբ վերածվել է կռվի, հարձակվել են վարորդի վրա։ Երեք անձ ձերբակալվել է, չորրորդն էլ անցնում է այդ գործով։ Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս։

Եվ իրականում վարորդների նկատմամբ ոտնձգությունը անհատի, անձի նկատմամբ ոտնձգություն չէ, դա ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, ամբողջ համակարգի նկատմամբ, և ուզում եմ բոլորն իմանան, առաջին հերթին՝ վարորդները, որ մենք նրանց կողքին կանգնած ենք»։

Նա նշել է, որ ուղեվարձը չվճարելը ամոթալի երևույթ է. «Այս երևույթը պետք է լինի պախարակելի, պետք է լինի ամոթալի և որևէ մեկը չպետք է իրեն թույլ տա՝ տրանսպորտից օգտվելիս չվճարել, քանի որ ինքը բեռ է մեր բոլորի վզին, ձեր վզին՝ սիրելի երևանցիներ, ովքեր պարտաճանաչ վճարում եք։ Իրենք շաբաթական երկու նոր ավտոբուսի չափ չեն վճարում»։

Ըստ քաղաքապետի՝ այս ամենը չպետք է հանդուրժել. «Ի՞նչ իրավունք ունի մարդը, որ տրանսպորտի համար չվճարի ու մի հատ էլ հերոսացնի»։

Նա նաև շեշտել է. «Շաբաթական մոտ 70-80 մլն դրամի չվճարում ունենք։ Սա նշանակում է, որ շաբաթը երկու նոր ավտոբուս կարող էինք գնել այդ չվճարողների հաշվին»։